Thursday, October 1, 2009

Սերժ Սարգսյան. Որևէ մեկը ինձ չի ստիպել Թուրքիայի նախագահին հրավիրել

Tert.am- 30-92009- «Հայ–թուրքական Արձանագրությունները մեր հնարավորությունների առավելագույնն էր, որին մենք կարող էինք հասնել այս փուլում»,– այսօր Հանրային խորհրդի անդամների հետ քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Արձանագրություններում եղած այն մտահոգություններին, որոնք բարձրացրել են Հանրային խորհրդի անդամները։ Խոսելով այդքան քննարկումների տեղիք տված հայ–թուրքական փաստաթղթերի մասին՝ Հայաստանի նախագահն ընդգծել է, թե պետք է իրատես լինել և հասկանալ, որ այդ փաստաթղթերը չեն կարող լինել միայն մեր իղձերի իրականացումը։ Ըստ նախագահի, Հայաստանն ընդամենը փորձ է անում Թուրքիայի հետ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հնարավոր կլինի աշխատել։ «Ես չեմ կարող մեր ժողովրդին խոստանալ, որ մենք բոլոր հարցերն ուսումնասիրել և բոլոր նյուանսները հաշվի ենք առել։ Ես միայն ասում եմ, որ մենք այսպես չենք կարող շարունակել»,– հայտարարել է Հայաստանի նախագահը։ Ինչ վերաբերում է Արձանագրություններում առկա նախապայմաններին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Նախապայմաններ կան շատ–շատ պայմանագրերում, այդ թվում նաև՝ Ղարսի պայմանագրում։ Դրանք պարտադրանքներ են։ Հրապարակված փաստաթղթերում որտե՞ղ եք տեսել նախապայմաններ։ Եթե այդպես լիներ, փաստաթղթում գրված կլիներ, որ նախապայմաններով ենք այդ փաստաթուղթը ստորագրելու։ Այո, փաստաթղթում տեղ են գտել որոշակի նաև դրույթներ, որը կոմպրոմիսի արդյունք է։ Մեզ համար լավ բաներ չկա՞ն այդ փաստաթղթում։ Ես չեմ տեսնում որևէ նախապայման այդ փաստաթղթերում»։ Հայաստանի նախագահը նաև անդրադարձել է արտաքին ճնշումներին ու հայտարարել, թե որևէ մեկը Հայաստանին չի պարտադրել գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, իսկ եթե միջազգային կառույցները կարգավորման գործընթացի շուրջ հայտարարություններ են անում, ըստ նախագահի, դրանք կարելի է ընկալել և՛ որպես խորհուրդ, և՛ որպես առաջարկ, և՛ որպես հորդոր։ «Որևէ մեկը մեզ չի ճնշել, որևէ մեկը ինձ չի ստիպել Թուրքիայի նախագահին հրավիրել Հայաստան»,– հայտարարել է երկրի ղեկավարը։

No comments: