Thursday, October 1, 2009

Եթե Ալիեւը ցանկանա ներկա լինել Թուրքիա-Հայաստան ֆուբոլային խաղին, ապա Թուրքիայի ԱԳ նախարարը միայն ուրախ կլինի

News.am. 1-10-2009- Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է ֆուտբոլային խաղից առաջ մեկ օրով սահմանը բացել, պատասխանել է, որ Հայաստանի հետ արձանագրությունները մեկ ամբողջություն են եւ սահմանի բացումը այդ գործընթացում պետք է դիտարկել։ Դավութօղլուն անդրադարձել է նաեւ Բուրսայում տեղի ունեցած Բուրսասփոր-Դիարբեքիրսփոր թիմերի հանդիպմանը ծագած անախորժություններին եւ ասել. «Ֆուտբոլային խաղերը եղբայրական եւ հարգանքի շրջանակներում տեղի ունեցող մրցախաղեր են եւ Բուրսայում տեղի ունենալիք Թուրքիա-Հայաստան խաղի հետ կապված որեւէ անհանգստություն չունենք»։ Անդրադառնալով վերջին շրջանում աղմուկ հանած թուրք լրագրողների Ղարաբաղ այցելությանը, Դավութօղլուն նշել է, թե Թուրքիայի հանրապետության քաղաքացու անձնագրում հայտնված Ղարաբաղի մուտքի թույլտվությունը օրենքից դուրս է, սակայն Թուրքիայում լրատվական գործունեությունը չի կարող սահմանափակվել։ Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք չեն հրավիրի Ադրբեջանի նախագահին ներկա գտնվել Թուրքիա-Հայաստան խաղին, նա պատասխանել է, որ այս խաղը երկու երկրների միջեւ անցկացվող միջոցառում է, իսկ եթե որպես հյուր որեւէ մեկը ցանկանում է ներկա գտնվել խաղին, իրենք միայն ուրախ կլինի դրա համար։ NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիա-Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Թուրքիայի Բուրսա քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտում։ Խաղը կսկսվի Անկարայի ժամանակով 21։00-ին(Երեւանի ժամանակով 23։00):

No comments: