Thursday, October 1, 2009

«Ժառանգություն» ընդդիմական կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է վերադառնալ ՀՀ ԱԺ

/PanARMENIAN.Net/ 30.09.2009 - «Ժառանգություն» ընդդիմական կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 30-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում հաղորդում է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին իր հայտարարությունը հետ կանչելու մտադրության մասին: Հայտարարության մեջ նա նշում է, որ «համեստորեն ու տեւապես աշխատած լինելով ի շահ Հայոց Ցեղասպանության միջազգային վերահաստատման, Արցախյան հանրապետության ճանաչման եւ առանց որեւէ նախապայմանի մեր հարեւանների հետ հարաբերությունների բնականոնեցման` սույն տարրական սկզբունքներն անտեսող ներկա վարչակարգի գործողությունների պատճառով նա իրեն դավաճանված զգաց, ուստիեւ որոշեց որպես բողոքի արտահայտություն վայր դնել պատգամավորական իր մանդատը»: Սակայն այդ պահից ի վեր թե' Հայաստանի քաղաքացիները, թե' բովանդակ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նրան հորդորեցին ստանձնել մարտակոչը եւ ի հեճուկս ուժերի անհավասարության, օգտագործել Ազգային ժողովի ընձեռած սահմանափակ ասպարեզը` գործելու համար հանուն ճշմարտության ու արդարության: «Հետեւաբար` ի հարգանս զորակցության ու հրատապության այս օրերի ուժգին դրսեւորմանը, ես հետ եմ վերցնում հրաժարականի իմ դիմումը»,- ասվում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ապա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նշում է, որ վերջին երկու տարիների ընթացքում «Ժառանգություն» խմբակցությունն անշեղորեն ապացուցել է իր հավատարմությունը մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին, քաղաքական շարունակվող հալածանքների ու բանտարկությունների իսպառ բացառմանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության արժանապատվության, ամբողջականության ու անվտանգության հրամայականին:

No comments: