Thursday, October 1, 2009

ՍԴՀԿ ՄԵՐԺՈՒՄ Է

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության 19-րդ Համագումարի պաշտոնական հայտարարությունը Սեպտեմբերի 26-ից 29-ը Հայաստանում կայացավ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության հերթական 19-րդ Համագումարը, որին մասնակցում էին Հայաստանի և Սփյուռքի հայաշատ տարբեր քաղաքներից ժամանած պատվիրակներ: Համագումարը քննարկման առարկա դարձրեց հայ ժողովրդին հուզող հիմնական խնդիրները`հայ-թուրքական հարաբերությունները, Արցախյան հիմնահարցի վերջին զարգացումները, ջավախահայության առջև ծառացած դժվարությունները, Հայաստանի ներքին քաղաքական, տնտեսական և ընկերային կյանքը, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի կուսակցության կառույցներին առընչվող հարցեր: Համագումարն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելիս չի կարող անտեսել պատմության դառը փորձը: Մեկնելով այս իրողությունից` ՍԴՀԿ-ը մերժում է Թուրքիայի հետ ներկա սահմանները ընդունող որևէ արձանագրություն, մերժում է թուրքական ժխտողական պատմագրության ներկայացուցիչների հետ հայ և թուրք պատմաբաններից բաղկացած ցանկացած հանձնաժողով: Հետևաբար, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների նախաքայլը պետք է լինի պատմության առջև իր անցյալի պատասխանատվությունը ստանձնելու Թուրքիայի պատրաստակամությունը: Սփյուռքը հետևանք է թուրքական իշխանությունների ծրագրած և գործադրած ցեղասպանության: Հետևաբար, համայն հայությունը մնում է պահանջատերի իր դերի մեջ ու շարունակելու է հետապնդել հայոց ցեղասպանության ճանաչումը և իր իրավունքների պաշտպանությունը ` անկախ այն բանից, թե ինչպիսի հարաբերություններ կզարգանան Հայաստանի և Թուրքիայի միջև: Քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը` ՍԴՀԿ 19-րդ համագումարը վերահաստատեց , որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքի համաձայն: Համագումարն անընդունելի է համարում մեզ պարտադրվող Մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում են միակողմանի զիջումներ հայկական կողմից: Համագումարը համարում է, որ Արցախի համար ոչ նպաստավոր այս առաջարկները հետևանք են բանակցային գործընթացից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դուրս մղման: Համագումարը դիմում է միջազգային ընտանիքին ճանաչելու Արցախի անկախությունը գոյություն ունեցող տարածքի վրա, որն հաստատվել է ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի արդյունքում: Համագումարն արձանագրեց լուրջ մտահոգություն Ջավախքի մեջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Վրացական իշխանությունների վարած ազգայնամոլ քաղաքականությունը դրսևորվում է հայ բնակչության քաղաքացիական իրավունքների ոտնահարմամբ: Ջավախքում հետևողականորեն արգելափակվում են հայության ազգային համախմբանը ուղղված բոլոր ճիգերն ու քայլերը: ՍԴՀԿ-ն դատապարտում է վրացական իշխանությունների հակահայ քաղաքականությունը և զորավիգ է կանգնում ջավախահայության իրավունքներին: Քննարկելով Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը, համագումարը արձանագրեց, որ Հայաստանն այժմ գտնվում է ժողովրդավարության միջազգային չափանիշներից հեռու: Հայաստանում այսօր առկա են օրինականության, մարդու իրավունքների, խոսքի ազատության, սոցիալական արդարության և ազատ մրցակցության սկզբունքների լուրջ ոտնահարումներ: Հնչակյան կուսակցությունը համոզված է, որ վերոնշյալ խնդիրները կարելի է լուծել միայն հասարակության վստահությունը վայելող իշխանության միջոցով: Այսպիսով` համագումարը վճռեց, որ ՍԴՀԿ-ն Հայաստանում շարունակելու է ձգտել վերականգնելու ժողովրդավարությունը, օրինականությունը և սահմանադրական կարգը: ՍԴՀԿ-ն հայ հասարակությանը շարունակելու է ներկայացնել սոցիալ-դեմոկրատական արժեքային դրույթները` գտնելով, որ Հայաստանը համակարգային ճգնաժամից հանելու միակ ելքը դա է: ՍԴՀԿ-ը համագումարը քննարկեց և որոշումներ կայացրեց Սփյուռքի Հնչակյան կառույցների հզորացման, հայապահպանման, Հայ Դատի հետապնդման, հայ առաքելական եկեղեցու իրավիճակի և Հայաստան ու Սփյուռք կապերի ամրապնդման եւ այլ հարցերի կապակցությամբ: Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության 19-րդ համագումար Ք. Երևան, 30.09.2009

No comments: