«Լրագիր» 9-10-2009- Վաղը, հոկտեմբերի 10-ին ստորագրվելու են հայ-թուրքական արձանագրությունները: Ընդ որում, ստորագրվելու են այն տեսքով, ինչպես ներկայացվել են հանրությանը: Դրան չի խանգարի անգամ այն, որ մեր արտաքին գործերի նախարարությունը, թերեւս միտումնավոր, անգլերեն տեքստից որոշ արտահայտություններ ճշգրիտ չի թարգմանել, իշխանական քարոզչությանը հնարավորություն տալով խաղալ հենց այդ արտահայտություններով: Չի խանգարի սփյուռքի բողոքը, ոչ էլ մի քանի կուսակցությունների ակցիաները: Չի խանգարի ոչինչ, որովհետեւ այդպիսին է Հայաստանի իշխանության բնույթը՝ նա վաղուց ոչ մի կապ չունի Հայաստանի պետության ու ժողովրդի իրական շահերի ու ձգտումների հետ:
Թե ում էր պետք այս վեց շաբաթների համազգային միմոսությունը՝ այդպես էլ մնաց անհայտ: Թեեւ Սերժ Սարգսյանը, իրեն հատուկ անկեղծությամբ, մի քանի անգամ հայտարարեց, որ ոչինչ չի խանգարի այդ արձանագրությունների ստորագրմանը, եւ միամիտ է նա, ով կարծում է, թե իրեն կարելի է վախեցնել: Սրանք համազգային այս ողջ անհեթեթության ընթացքում ասված թերեւս ամենաանկեղծ խոսքերն էին: Անկեղծությամբ Սերժ Սարգսյանին չզիջեցին նրա կուսակիցները, որոնք բողոքողներին անվանեցին տականքներ ու Հայաստանի թշնամիներ, ըստ էության: Եւ անկեղծության այդ պահերին նրանք ազգին բացահայտեցին, որ այս նախաձեռնությունն իրենցը չէ, իրենց շեֆինը չէ, իրենք կապ չունեն:
Փորձագետները նշում են, թե Սերժ Սարգսյանի համազգային ուղեւորության նպատակն ընդամենը Օբամայի մոտ ընկնելն էր: Սակայն Օբաման բավարարվեց հեռախոսազրույցով, որի իրական բովանդակությունն այդպես էլ անհայտ կմնա հանրությանը: Չի բացառվում, որ հեռախոսազրույց տեղի չի էլ ունեցել, սակայն Հայաստանի իշխանությանը թույլատրել են Օբամայի անունից մի քանի արտահայտություն հնչեցնել: Զուր չէ, որ այդ հեռախոսազրույցը արդեն քանի օր պտտում է Հայաստանի ողջ հեռուստաեթերը: Փորձագետները նշում են, որ դրանով Սերժ Սարգսյանը համակարգին ուզում է ցույց տալ, որ իր թիկունքում ոչ այլ ոք է, քան աշխարհի տերը: Որպեսզի բոլորը հասկանան ու մտքներով էլ չանցկացնեն “թռնել” իրենից:
Բավական հիմնավոր տեսակետ է, եթե հաշվի առնենք հանգամանքը, որ մնացյալ ամեն ինչ մի տեսակ անտրամաբանական է: Հայաստանի իշխանությունը թերեւս գիտե, որ իր խոսքին ոչ ոք Հայաստանում ու սփյուռքում չի հավատում: Միաժամանակ, այդ խոսքը որեւէ արժեք չունի աշխարհում, որը, հենց ՀՀԿ խոսնակների խոստովանությամբ, առաջ է տանում իր քաղաքականությունը, առանց հաշվի առնելու Հայաստանի կարծիքը: Գուցե անկեղծ էր կրկին Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, թե ինքը կուզեր ոչ թե 100 սադրիչ ցուցարար, այլ իրապես բազմահազարանոց բողոքի լուրջ ցույցեր: Սակայն ո՞ւմ եւ ինչի՞ համար: Արդյոք այս ընթացքում Հայաստանի իշխանությունը կատարել է քայլեր, որոնք կնպաստեին Հայաստանում հասարակական կյանքի աշխուժացմանը, հանրային կարծիքի ձեւավորմանը եւ այլն: Ըստ այդմ, Հայաստանի իշխանությունը հայտնվել է իր իսկ փորած փոսի մեջ, եւ անիմաստ է աջակցություն ակնկալել սեփական ժողովրդից, որին հետեւողականորեն կամազրկել ու ստորացրել են:
Ահա այսպիսի մթնոլորտում Հայաստանը սուսուփուս կստորագրի արձանագրությունները, Ազգային ժողով կոչվող հավաքատեղին էլ սուսուփուս կվավերացնի դրանք: Այնուհետեւ Գագիկ Հարությունյանը Սահմանադրական դատարանում դրանք կճանաչի սահմանադրությանը համապատասխանող: Իսկ այդ ընթացքում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կփորձի հայ ժողովրդին զվարճացնել Էրեբունի Երեւան տոնախմբություններով:
Ինչպես կասեր նշանավոր քաղաքագետը՝ կճեղքենք:
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment