Saturday, October 10, 2009

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՏԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԲՈՒՐՍԱՅՈՒՄ

«ԱԶԳ», 10-10-2009- Թուրքիայի նախագահ Գյուլի հրահանգը, որ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտում արգելվելու են ադրբեջանական դրոշները, առաջացրել է թուրքական հասարակական կազմակերպությունների դժգոհությունը, որոնցից մեկի ղեկավար Սելջուկ Թյուրքօղլուն դա համարել է ժողովրդավարության խախտում: «Անթույլատրելի է խաղի ժամանակ թույլատրել միայն հայկական եւ թուրքական դրոշները, քանի որ թուրքերն ու ադրբեջանցիները եղբայրական ժողովուրդներ են», հայտարարել է Թյուրքօղլուն : Ըստ նրա, քանի որ հանդիպումը լինելու է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, դա լավ առիթ է «միջազգային հանրությանը ներկայացնելու Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները»: Թյուրքօղլուն նշել է նաեւ, որ շատ կարեւոր է թուրքական թիմին երկրպագել ոչ միայն թուրքական, այլեւ ադրբեջանական դրոշներով. «Միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք մեր կառավարության տակտիկան, եւ մենք էլ չենք ուզում, որ որեւէ բան բիծ թողնի մեր երկրի հեղինակության վրա», եզրափակել է Թյուրքօղլուն: Հասարակական կազմակերպությունների ջանքերով Բուրսայում արդեն տեղադրվել են 15 հազար ադրբեջանական դրոշներ: Հ.ԱՖՅԱՆ

No comments: