Monday, October 19, 2009

Փաշինյանի դատավարությունից առաջ գերտերությունների նախագահներին կոչ են անում...

Tert.am. 19-10-2009- ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին։ Նամակում, մասնավորապես, ասված է. «2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ իրավապահ մարմիններին ներկայացած Նիկոլ Փաշինյանը մինչ այսօր առանց որևէ հիմքի պահվում է բանտում և այժմ կանգնելու է դատարանի առջև` զանգվածային անկարգություններ կազմակերպելու շինծու մեղադրանքով: Ձերդ գերազանցություններ. Հայաստանում արդեն իսկ տեղի են ունեցել հարյուրավոր դատավարություններ: Այդ խայտառակ դատավարությունների մասին կարող եք տեղեկություններ ստանալ Ձեր երկրների դեսպաններից և իրավասու միջազգային կազմակերպություններից: Առայժմ արձանագրված արդյունքն այսպիսին է` 1. մինչ այսօր դատարանի առջև չի կանգնել ոչ մի մարդասպան. 2. հերքվել է իշխանության յուրացման համար ընդդիմությանը ներկայացված մեղադրանքը. 3. ընդդիմության և միջազգային կազմակերպությունների ճնշման արդյունքում համաներմամբ ազատ են արձակվել 30 քաղբանտարկյալ. 4. 17 քաղբանտարկյալներ, որոնցից մեկը Ֆրանսիայի քաղաքացի է, այսօր էլ դեռ բանտերում են. 5. տասնյակ անմեղ դատապարտված քաղաքացիներ` սպառելով սեփական երկրում արդարության հասնելու բոլոր միջոցները, փորձում են դրան հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով: Ձերդ գերազանցություններ. Այսօր, երբ Ձեր երկրները համատեղել են իրենց ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, տարօրինակ զուգադիպությամբ, իսպառ վերացել է նաև Ձեր երկրների և միջազգային կազմակերպությունների` ժողովրդավարության վերականգնմանն ու քաղբանտարկյալների ազատմանն ուղղված ճնշումը Սերժ Սարգսյանի վարչախմբի նկատմաբ: Սա մեր և հայ հասարակության մի ստվար հատվածի մոտ սասանում է հավատը Ձեր մտադրությունների անկեղծության նկատմամբ, տպավորություն է ստեղծում, որ տեղի է ունեցել ոչ բարոյական գործարք, որ Դուք աչք եք փակում մարդու իրավունքների զանգվածային, կոպիտ խախտումների և ժողովրդավարության ոտնահարման ակնհայտ փաստերի վրա` հանուն Սարգսյանի ապօրինի վարչախմբից զիջումներ կորզելու: Ելնելով վերոգրյալից, անմեղ զոհերի հարազատների, բանտում տառապող քաղբանտարկյալների, ռեժիմի կամայականությունների և քաղաքական հետապնդումների զոհ դարձած հազարավոր ՀՀ քաղաքացիների անունից խնդրում և պահանջում ենք` օգտագործել Ձեր երկրների և Ձեր անձնական միջազգային հեղինակությունը` ստիպելու համար Հայաստանի իշխանություններին հարգել սեփական քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»:

No comments: