Saturday, October 10, 2009

Հայ-թուրքական պատմական ենթահանձնաժողովը պետք է ուսումնասիրի Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցելու հարցը

News.am 9-10-2009- Հայ-թուրքական արձանագրություններով ստեղծվելիք պատմական հանձնաժողովն ընդամենը միջկառավարական ենթահանձնաժողով է, որը պետք է իրականացնի արխիվային փաստերի ուսումնասիրություններ եւ քննարկումներ` ներգրավելով միջազգային փորձագետների: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Վերջինիս խոսքերով, հանձնաժողովի օրակարգը համաձայնեցվում է երկու կողմերի միջեւ: «Եթե դրվի այնպիսի հարցադրում, որը պարունակում է Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու տարրեր, բացառվում է, որ մենք դա ընդունենք: Բազմիցս հայտարարվել է, որ դա բացառվում է: Խնդիրը հետեւյալն է` այսօր Թուրքիան պատրաստ չէ ընդունելու, որ դա ցեղասպանություն է, մյուս կողմից` ինքը չի կարող հրաժարվել այն փաստից, որ այսօր կան ապացույցներ: Դա հենց ինքը` Սփյուռքն է»,- նշել է փոխարտգործնախարարը: «Կա հսկայական պատմամշակութային ժառանգություն` հենց Թուրքիայի այսօրվա տարածքում, որը կամ ոչնչացվում է կամ աղետալի վիճակում է: Պետք է դա ուսումնասիրել եւ բարձրացնել այդ հարցերը: Եվ վերջապես Ցեղասպանության զոհերի սերունդներին փոխհատուցում տալու խնդիրը: Սրանք են այն հարցերը, որոնք պետք է քննարկենք»,- ասել է Քոչարյանն ու հավելել. «Թուրքիան չի կարող խուսափել ցեղասպանության թողած հետեւանքներից, նա իր տարածքում հայկական եկեղեցի ունի, որ մզկիթ է սարքել: Եթե Թուրքիան այսօր բարիդրացիական հարաբերություններ է ուզում, ուրեմն թող բարի լինի այդ մզկիթը նորից քրիստոնեական եկեղեցու վերածել: Սրանք են այն հարցադրումները, որ պետք է դրվեն հանձնաժողովում»: Ավելին, ըստ Քոչարյանի՝ Թուրքիայի պատրաստակամությունը` քննարկել ցեղասպանության հարցը, նահանջ է:

No comments: