«Անկախ» 9-10-2009- Քոմի մոտ ուրանի հարստացման կետի տեսարանը` նկարահանված տիեզերքից 2009թ,սեպտեմբերի 25-ին, DigitalGlobe/Reuters
Անկարայում ու ապա Կահիրեում մուսուլմանական աշխարհին ուղղված ԱՄՆ նախագահ Օբամայի երկխոսության կոչերը ,թերեւս, արդյունք չտվեցին: Սեպտեմբերի 27-ին, Իրանը իրականացրեց հերթական հրթիռային փորձարկումը` արձակելով Tondar-69, Fateh-110 ‘ Zelzal տեսակների հրթիռներ: Դրանից 2 օր առաջ էր` սեպտեմբերի 25-ին,որ Միացյալ նահանգները, Բրիտանիան ու Ֆրանսիան հայտնաբերել էին Իրանի կողմից կառուցված ստորգետնյա ուրանի հարստացման 2-րդ կետը: Մեծ 20-յակի վեհաժողովին մասնավորապես ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանինան, նաեւ Ռուսաստանը կոշտ արտահայտվեցին Իրանի այս միջուկային կետի վերաբերյալ` պահանջելով համապատասխան բացատրություններ Իրանից:
Միջազգային այդ արձագանքին ի պատասխան,փաստորեն, Իրանի կողմից հրթիռային փորձարկումը մեսիջ էր ուղղված աշխարհին, որ Իրանն այնուամենայնիվ շարունակելու է միջուկային իր ծրագիրը: Հրթիռափորձակման օրը Իրանի Հեղափոխական Գվարդիայի կորպուսների հրամանատար գեներալ Հուսեին Սալիմին,գնահատեով այդ հրթիռային փորձարկումը,նշեց, որ առաջին անգամն էր, որ իրենք փորձարկեցին «բազմակի հրթիռների արձակում»` ավելացնելով, թե «մենք լիովին կործանիչ պատասխան կտանք նրանց,ով սպառնալիք ներկայացնի մեր արժեքների գոյությանը,անկախությանը եւ ազատությանը»:
Բոլոր այդ 3 հրթիռները 90-125 մղոնի հասանելիութուն ունեն:
Նույն օրը հետեւեցին ԱՄՆ ավելի մեղմ հայտարարությունները` օրինակ ՊՆ Ռոբերտ Գեյթսը հայտարարեց,որ ռազմական ուժի կիրառումը Իրանի նկատմամբ միայն կերկարաձգի պրոբլեմի լուծումը,բայց չի հարկադրի իրանցիներին` հրաժարվել իրենց միջուկային ծրագրից: CNN-ի կիրակնօրյա «State of the Union» հաղորդմանը Գեյթսը հայտարարեց,որ «Քանի դեռ խնդրի լուծման տարբերակ չունես, դիվանագիտության համար դեռ սենյակ մնում է»:
Ահմադինեժադն էլ իր հերթին հայտարարեց, որ միջուկային այդ նոր կետը գործարկվող չի դառնա դեռ 18 ամիս, ուստի Իրանը չի խախտել Միջազգային միջուկային էներգիայի գործակալության (IAEA) պահանջները: Իսկ միջուկային կետերը կարող են չբացահայտված մնալ մինչեւ 6 ամիս, մինչեւ դրա գործարկումը:
Իրանի միջուկային ծրագրի ղեկավար,փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին ISNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում իր հերթին ասաց,թե «պարզ չէ` մենք պետք է հայտարարենք (միջուկային կետի մասին), թե ոչ: Եթե հայտարարենք,նրանք կտխրեն,եթե չհայտարարենք,նրանք կտխրեն»:
Չնայած Իրանը հայտարարեց, որ թույլ կտա IAEA-ին ստուգումներ անցկացնել իր միջուկային կետում,իսկ արդեն հոկտեմբերի 1-ին Ժնեւում ՄԱԿ անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների +Գերմանիայի հետ հանդիպմանը համաձայնվեց Նաթանզի բազայում իր ցածր հարստացված ուրանի (LEU) մեծ մասը փոխանցել Ռուսաստանին ու Ֆրանսիային` դարձնելու փոքր ռեակտորի համար վառելիք,որը իզոտոպներ է սարքում միջուկային դեղագործության համար,այնուամենայնիվ կան մի շարք գործոներ,որոնք թույլ չեն տալիս լավատեսական բեկում արձանագրել այս փաստերը:
1-ին, LEU-ի պաշարների դուրս բերման տեխնիկական մանրամասները դեռ պետք է քննարկվի հոկտեմբերի 18-ին Վիեննայում IAEA-ի հանդիպմանը,եւ մինչ այդ ժամանակը ու հենց այդ հանդիպմանը Իրանը կարող է հետ կանգնել իր այդ որոշումից:
2-րդ, եթե Իրանը հայտարարում է,որ Թեհրանից 62 կմ հեռավորության վրա սուրբ քաղաք Քոմի մոտի միջուկային 2-րդ կետը խաղաղ նպատակներով էլետրաէներգիա արտադրելու համար է,ապա ինչ կարիք կար այն գաղտնի պահել: Եվ Իրանի վերոհիշյալ պնդումը,թե ինքը չի խախտել Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի (NPT) ժամկետային պահանջները, համոզիչ չէ, քանի որ Իրանն այնուամենայնիվ,խախտել է NPT-ն շուրջ 20 տարի` չբացահայտելով իր միջուկային ծրագիրը,մինչեւ այն բացահայտվեց 2003թ.:
3-րդ, եթե խաղաղ նպատակներով է,ապա ինչու է ռազմաբազայում տեղակայված: Քոմի մոտ այդ ռազմաբազայի վայրը պատկանում է Հեղափոխական Գվարդիայի էլիտային:
4-րդ, Իրանական կողմը հավաստիացրեց միջազգային հանրությանը,որ որեւէ հիմք չի տեսնում մերժելու ստուգումներ անցկացնել այդ կետում,քանի որ այն խաղաղ նպատակների համար է,սակայն,թե Իրանը կոնկրետ երբ թույլ կտա այդ ստուգումները,պարզ չէ:
Օբաման G20-ի հանդիպմանն իր խոսքում 3 անգամ կրկնեց,որ 2 շաբաթ է տալիս Իրանին թույլ միջազգային ստուգումներ իրականացնելու թույլտվություն տալու համար: CNN-ում հրավիրված Իրանի միջուկային հարցերով պատվիրակության ղեկավարին լրագրողը եւս 3 անգամ հարցրեց,թե Իրանը երբ է թույլ տալու ստուգումները: Իրանցին խորամանկորեն 3 անգամ էլ շրջանցեց հարցն ու խոսելով IAEA-ի հետ համագործակցության կարեւորության մասին,կոնկրետ պատասխան այդպես էլ չտվեց:
Այսպիսով, կարելի է ասել, որ Իրանը թերի փաստարկներ է բերում, թե միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներով է իրականացնում ու տեղիք է տալիս պնդելու,որ Իրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ ունի:
Օբաման ու Մեդվեդեւը Իրանի դեմ սանկցիաների մասին
Չնայած չպետք է բացառել նաեւ Իրանի այսօրինակ պահվածքի քարոզչական բնույթը: Այսինքն,հրթիռ արձակելով ու անհանգստության մեջ պահելով միջագային հանրությանը,Իրանը յուրահատուկ վախի մթնոլորտ է տարածում Արեւմուտքում,և միեւնույն ժամանակ բարդ երկընտրանքի առաջ կանգնեցնում Օբամայի ադմինիստրացիային: Եվ այն հանգամանքը,որ Օբամայի համար չափազանց դժվար կլինի ռազմական հարձակում անելը,իսկ տնտեսական սանկցիաներն էլ,ինչպես փորձը ցույց տվեց,արդյունք չեն տալիս,կնվազեցնի Օբամայի հանրային իմիջը: ԱՄՆ Հանրապետականներն արդեն ներքաղաքական շահարկման են ենթարկում այս հարցը` հայտարարելով,թե Իրանի միջուկային կետի հայտնաբերումը եւս մեկ անգամ հաստատեց իրենց տեսակետը,որ նախագահ Օբաման ոչ խելամիտ վարվեց` Իրանի հնարավոր հրթիռաին հարձակումների դեմ Եվրոպական հրթիռային համակարգը ներդնելու պլանները կասեցնելով:
Կարելի է դասակարգել այն 3 հիմնական տարբերակները,որ Օբաման կարող է ընտրել Իրանի միջուկային հարցում:
1-ին, ռազմական` թեեւ պատերազմը Իրանի դեմ քաղաքականապես ու դիվանագիտորեն ավելի հեշտ կլինի ԱՄՆ-ի համար,սակայն հարձակումը Իրանի միջուկային կետերի վրա կծնի նոր պատերազմ Մերձավոր Արեւելքում,որի վերջը թերեւս դժվար կլինի տեսնել: Իսկ հավանականությունը,որ այդ հարվածներով կոչնչացվեն Իրանի միջուկային կետերը,քիչ է: Իսրայելն իր հերթին ունակ չէ բավարար օդային հարվածներ հասցնել Իրանին: Բացի այդ,Աֆղանստանում նոր երկարաժամկետ պատերազմի հնարավորությունը տեխնիկապես չափազանց կդժվարեցնի ԱՄՆ-ի իրանական արշավը` թեկուզ զուտ բավարար զինվորներ չունենալու ու հատկապես այդ զորքերի տրանզիտն ապահովելու խնդիրներում: Ռազմական տարբերակը Օբամայի դեմոկրատական ադմինիստրացիայի համար թերեւս ամենավերջինն է:
2-րդ,տնտեսական սանկցիաներ: ԱՄՆ-ը արդեն առաջարկել է Իրանին «սառեցնել սառեցնելու համար» բանաձեւը,այսինքն` Իրանը սառեցնում է իր միջուկային վառելիքի արտադրությունը,ու դրա փոխարեն ԱՄՆ-ը ու ՄԱԿ-ը սառեցնում են Իրանի դեմ տնտեսական սանկցիաները: Սակայն Իրանի կողմից բավարար քաղաքական կամքի բացակայության դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է նոր ու ավելի կոշտ տնտեսական սանկցիաներ կիրառել: Այս առումով, ԱՄՆ-ը ենթադրում է կոչ անել բոլոր զարգացած երկրներին (Ճապոնիա,ԵՄ ‘եւ այլն)` դադարեցնել Իրանում ներդրումների խրախուսումը: Նրանք նաեւ պետք է արգելեն Իրանում ինֆրաստրուկտուրաների մեծածավալ նախագծերը,մասնավորապես` էներգիայի ոլորտում: Եվ եթե այդ ընկերությունները շարունակեն իրենց բիզնեսն Իրանում,ԱՄՆ-ում կարգելվի նրանց բիզնեսը, այնտեղ ապրանքներ վաճառել կամ ընդհանրապես մուտք գործել շուկաներ: Կոնգրեսն այս առումով,արդեն նախագծում է համապատասխան օրենսդրություն,որը կպատժի բոլոր նրանց,որոնք չեն ենթարկվի այդ արգելքին` ներառյալ ապահովագրական ընկերություններին: Հաջորդը` ինչպես ԱՄՆ-ի օրինակով Եվրոպական միությունը պետք է Իրանի բանկային համակարգին թույլ չտա օգտագործել եվրո: Առանց դոլարի ու եվրոյի,Իրանի համար չափազանց դժվար կլինի աշխարհում իրականացնել դրամաշրջանառություն եւ չափազանց թանկ կնստի իրանական կառավարության ու իրանական ընկերությունների վրա բիզնես անելը:
Բայց նկատենք,որ ԱՄՆ-ի սանկցիաներն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում,երբ Ռուսաստանը համագործակցի ԱՄՆ-ի հետ: Թե‘ Մոսկվան,ու թե‘ Չինաստանը հայտարարել են,որ չեն ուզում սանկցիաներ կիրառել:
3-րդ,ոչինչ չանել` ԱՄՆ-ը կարող է հաշտվել իրանական միջուկային զենքի գոյության հետ` որպես ընդունելի ռիսկ,սակայն, որը բնավ ընդունելի չի լինի Իսրայելի համար,եւ որը հակված է 1-ին տարբերակի գործադրմանը: Այսպես,Իրանի միջուկային ծրագիրն ընդունելու Օբամայի տարբերակը ռիսկի տակ կդնի նրա ադմինիսրտացիայի հեղինակությունը: Օբաման թույլ կերեւա: Այս թուլացմանը նպաստեց Իրանի արձակած հրթիռը,որ ուղղակի արհամարհանք էր դրանից 2 օր առաջ ԱՄՆ-ի պահանջներին ու դրանից 3 օր հետո ժնեւյան բանակցություններին:
Մյուս կողմից,Օբամայի իմիջի անկմանը զուգընթաց` կբարձրանա Ահմադինեժադի վարկանիշը Իրանում,մուսուլմանակն աշխարհում ու տարածաշրջանում:Այս առումով հնարավորություն կա` կարծելու,որ Ռուսաստանը կարող է հետագայում համագործակցել ԱՄՆ-ի հետ տնտեսական սանկցիաներ կիրառման գործում,որպեսզի կանխատեսելի դարձնի իրանական գերիշխանության հաստատումը տարածաշրջանում: Մեդվեդեւի հայտարարությունը G20-ի հանդիպմանը,թե 10 օր է տալիս Իրանին բացատրություն տալ միջուկային 2-րդ կետի վերաբերյալ,կարծես հող էր նախապատրստում Ռուսաստանի քաղաքականությանը Իրանի դեմ:
Մինչեւ հոկտեմբերի 18-ի Վիեննայի հանդիպումը,անկախ նրանից` իրադարձություններն ինչպես կզարգանան,ԱՄՆ-ը պետք է օգտագործի այս ժամանակահատվածը համապատասխան տարբերակ ընտրելու համար,քանի որ Իրանը,վստահորեն կարելի է պնդել,որ երբեք չի հրաժարվի միջուկային իր ծրագրից:
Օբաման կանգնած է լինելու որեւէ տարբերակի ընտրության առաջ,եւ որ դրանցից յուրաքանչյուրն էլ ռիսկային են,իսկ արդյունավետության գործակիցը` հարաբերական:
Վահան Դիլանյան
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment