
/PanARMENIAN.Net/ 26.10.2009- Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Իտալիայի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է Իտալիայի համար, իսկ հայ եւ իտալացի ժողովուրդների հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն:
Դեսպան Կարապետյանն իր հերթին շեշտել է Իտալիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հայկական կողմի պատրաստակամությունը: Այդ նպատակով դեսպան Կարապետյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից հրավիրել է Ջորջիո Նապոլիտանոյին այցելել Հայաստան:
Դեսպան Կարապետյանը նախագահ Նապոլիտանոյի խնդրանքով ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացների վերջին զարգացումները:
Հաջողություն մաղթելով Հայաստանի դեսպանին` Իտալիայի նախագահը հույս է հայտնել, որ նա իր ներդրումը կունենա հայ-իտալական հարաբերությունների խորացման ու զարգացման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
No comments:
Post a Comment