Monday, October 26, 2009

Թուրքիայի դեսպանը «անբարենպաստ զարգացում» է որակում Սենատում ցեղասպանության բանաձեւի ներկայացումը

«Ազատություն» 26-10-2009- Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում որպես «անբարենպաստ զարգացում» է որակել ԱՄՆ-ի Սենատի քննարկմանը Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող նոր բանաձեւի ներկայացումը: Շեշտելով, թե դա անսպասելի էր, Շենսոյը հայտարարել է. - «Չափազանց սխալ եւ անհեռանկար է Սենատի քննարկմանը ներկայացնել նման բանաձեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո: Հուսով եմ` այդ բանաձեւի հարցում ավելի մեծ առաջընթաց չի արձանագրվի»: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշմանը, Նաբի Շենսոյը հիշեցրել է, որ այս տարի ապրիլքսանչորսյան իր ուղերձում Օբաման չօգտագործեց «ցեղասպանություն» բառը. - «Մենք հուսով էինք, որ Միացյալ Նահանգների նախորդ նախագահների նման, Բարաք Օբաման եւս չի օգտագործի «ցեղասպանություն» բառը իր ուղերձում, եւ այդպես էլ եղավ»: Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանը նաեւ կարծիք է հայտնել, թե առաջիկայում եւս Օբաման չի օգտագործի նման «վիճահարույց» ձեւակերպում, հաշվի առնելով, որ Թուրքիան եւ Հայաստանը համաձայնության են եկել եւ հայտարարել, որ «այսպես թե այնպես այս խնդրին հատուկ անդրադառնալու են»:

No comments: