Monday, October 19, 2009

Ի՞նչ է սպասվում «ֆուտբոլային» բռնցքամարտից հետո

7Օր-19-12-2009- Չնայած «ֆուտբոլային» որակված դիվանագիտությանը՝ հայ-թուրքական գործընթացներն ավելի շուտ բռնցքամարտի՛ կանոններով են ընթանում։ Մրցասպարեզ են դուրս եկել տարբեր քաշային կարգում հանդես եկողներ։ «Որպեսզի լողալ սովորենք, պետք է ջուրը մտնենք»,-հայտարարում են իշխանությունները՝ չունենալով «Բա որ խեղդվե՞նք» հարցի պատասխանը։ Զարմանալին այն է, որ հայ-թուրքական մրցամարտը նախաձեռնել է ցածր քաշ ունեցողը՝ դառնալով «նյուզմեյքեր»։ Ընդամենը «նյուզմեյքեր»։ Նախաձեռնել է ու հետայդու կորցրել իրավիճակի վրա ազդեցությունն ու հույսը դրել «մրցավարի» դերում հանդես եկող ԱՄՆ-ի կամ այլ երկրների վրա։ Բայց ինչպես բռնցքամարտում, այնպես էլ դիվանագիտության մեջ մրցավար-միջնորդը չի կարող անցնել մեկի կամ մյուսի կողմը։ Եթե նույնիսկ կողմնակալություն դրսևորվի հօգուտ մեզ, ապա միայն միավորներ շնորհելու առումով։ Իսկ այն դեպքում, երբ թեթևքաշայինը պարբերաբար հայտնվում է նոկաուդի կամ նոկդաունի արանքում, մրցավարը ոչնչով չի կարող օգնել։ Առավելագույնը, որ կարող է անել «բարյացակամ» մրցավարը, ծեծվող կողմի կապիտուլյացիան արագ արձանագրելն է, որպեսզի մղձավանջն ավարտվի։ Այլ բան «մրցավարը» չի կարող անել, որքան էլ որ թեթևքաշայինի կողմը լինի։ Իսկ մեր նախաձեռնողականները կարծում էին, թե իրենց փոխարեն և իրենց օգտին Հիլարի Քլինթոնն է կռվելու. հանցավոր անգրագիտություն։ Դիվանագիտական և քաղաքական անգրագիտությունը պարզապես ապշեցնում է։ Ես համոզված եմ, որ երբ նախաձեռնվում էր «ֆուտբոլը», նման զարգացումներ չէին կանխատեսվել։ Իշխանությունն առաջնորդվել է չարչի առևտրականի հոգեբանությամբ. թուրքերին զիջենք Ցեղասպանությունը, իսկ փոխարենը ստանանք սահմանի բացումը։ Այս մտածողությունը կոպտագույն սխալ էր, որի տակից շատ դժվար է լինելու դուրս գալը։ Այժմ դիվանագիտական ռինգում մի կողմին վերապահված է միայն հարվածներ ընդունելու «պատիվը», իսկ մյուսին՝ հարվածներ հասցնելու։ Եվ այդպես էլ պետք է լիներ։ Այլ հարց է, որ այդ տարրական բանը չէր հաշվարկվել։ Մի ամբողջ երկիր այժմ դարձել է «տանձիկ», որին ով ասես հարվածում է, և այս ամենը Սարգսյանի՛ սկսած «ֆուտբոլի» պատճառով։ Այս պահին բոլոր կողմերը գոհ են ու ինչ-որ բան ստացել են։ Միայն Հայաստանն է ձեռնունայն մնացել։ Հայ-թուքական «բռնցքամարտն» այժմ թևակոխել է 4-րդ ռաունդ, որն ամենաքաղաքականացվածն է, դրամատիկը, վճռականը և ժամկետների առումով որևէ կոնկրետություն չի պարունակում իր մեջ, ինչը հնարավորություն է տալու թուրքերին մաշեցնել և ջլատել դիմացինին, իսկ «մրցավարն» այլևս ոչնչով չի կարող օգնել, քանի որ նախորդ ռաունդները կոնկրետ ժամկետներ ունեին, և «գոնգը» հնչելուն պես ծեծվող կողմը շունչ քաշելու և դիմահար հարվածներից խուսափելու հնարավորություն էր ստանում։ Այսուհետ Թուրքիան է դարձել «մարտի» տևողությունը որոշողը և հարվածներ է հասցնելու այնքան, մինչև իր ուզածն ամբողջությամբ ստանա։ Սա շատ բնական վարքագիծ է Թուրքիայի կողմից։ Իրական բռնցքամարտում էլ ուժեղ կողմն անցնում է հարձակման և չի հանգստանում, քանի դեռ դիմացինը չի փռվել գետնին կամ ճերմակ սրբիչ չի նետվել ռինգ՝ որպես վաղաժամ կապիտուլյացիայի նշան։ Դա չի նշանակում, որ Թուրքիան նենգ է կամ ճկուն դիվանագիտություն ունի։ Դա նշանակում է, որ Սարգսյանն է անհեռատես գտնվել ու առանց «մարզվելու» ձեռնոց է նետել իրեն գերազանցող հակառակորդին և մի բան էլ էն գլխից համաձայնել է իր միակ առավելությունից զրկվել, որը թուրքերին ստիպում էր հաշվի նստել մեզ հետ։ Երբ Ս. Սարգսյանը հայտարարեց, թե մտադիր է Երևան հրավիրել Գյուլին ու հետն էլ նշեց, որ առաջարկն ընդունելու դեպքում պատրաստ է պատմաբանների հանձնաժողով ստեղծել թուրքերի հետ, այդ պահից սկսած մենք արդեն պարտված էինք։ Նախաձեռնող կարող է լինել ուժեղ կողմը, մեղավոր կողմը, այլ ոչ թե փոքր համակարգը կամ ցեղասպանության ենթարկված կողմը։ Սա աքսեոմատիկ ճշմարտություն է, որին, պարզվում է, չի տիրապետում մեր դիվանագիտությունը, և հիմա բոլորս հատուցում ենք դրա համար։ Ինչևէ։ Եկե՛ք վերհիշենք, թե ինչպես անցան նախորդ ռաունդները, և ինչ արդյունքներ արձանագրվեցին, իսկ հետո կանդրադառնամ հոդվածի վերնագրում նշված հարցադրմանը։ 1-ին ռաունդը Գյուլի երևանյան այցն էր, որն ավարտվեց ապրիլի 22-ին՝ ճանապարհային քարտեզի մասին հայտարարությամբ։ Շահեց ԱՄՆ-ը, քանի որ Օբաման լավ առիթ ստացավ ապրիլի 24-ին չկատարելու իր խոստումը Ցեղասպանության մասով (հղում արվեց սկիզբ առած հայ-թուրքական գործընթացին)։ Շահեց Թուրքիան, քանի որ նույն Օբամայի հետ պրծացրեց իր գլուխը։ Թուրքիան շահեց նաև գործընթացի հրապարակայնացման փաստից և Սերժ Սարգսյանի թույլ տված սխալից, երբ վերջինս Գյուլին առաջարկել էր օժանդակել Արցախի հարցում։ Դրանից հետո Թուրքիան ակտիվացավ Արցախի ուղղությամբ և, բնականաբար, ոչ հօգուտ մեզ։ Հայաստանը ոչինչ չշահեց, քանի որ բաց սահման և դիվանագիտական հարաբերության հաստատում դեռ չստացավ (այս 2 խնդիրներն էր իր առջև դրել հայկական կողմը)։ 1-ին ռաունդն սկսեց Սարգսյանն իր նախաձեռնողականությամբ, բայց դրանից հետո իրադարձությունների զարգացման վրա Սարգսյան-Նալբանդյան զույգը կորցրեց իր ազդեցությունը։ 2-րդ ռաունդը եզրափակվեց օգոստոսի 31-ի գիշերը, երբ հրապարակվեցին հայ-թուրքական զույգ արձանագրությունները։ Դրանով իսկ լրջագույն հարված հասցվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Թուրքերն էլ ավելի ուժգնացրեցին ճնշումներն Արցախի հարցում։ Հայաստանն արդեն դիտորդ էր։ Հայաստան-Սփյուռք պառակտումն աններելի չափերի հասավ։ Պառակտվեց, իսկ ավելի ճիշտ՝ խորը ճգնաժամ ստեղծվեց նաև Հայաստանի հանրության ներսում։ ՀՀ իշխանությունը վերջնականապես զրկվեց նաև իր ոչ մեծաթիվ աջակիցներից։ Իշխանության կողքին հիմա բացառապես ընկերաբարեկամական շրջապատն է ու որոշ պաշտոնյաների նեղ շրջանակը։ 3-րդ ռաունդի ընթացքում Սերժ Սարգսյանին ակնհայտ դարձավ հայության վերաբերմունքն իր «ֆուտբոլի» նկատմամբ։ Ձախողվեց նրա համահայկական ուղևորությունը. Սփյուռքը երբեք այդպես չէր տորպեդահարել ՀՀ որևէ նախագահի այցելությունը։ Այս ռաունդի ավարտը տեղի ունեցավ Ցյուրիխում՝ արձանագրությունների ստորագրմամբ։ Ե՛վ թուրքական կողմը, և՛ միջնորդ երկրների ներկայացուցիչներն ուրախ ժպտում էին Շվեյցարիայում, իսկ ՀՀ արտգործնախարարի դեմքին գույն չկար, և միայն Խավիեր Սոլանայի բարեկամական «չափալախները» Նալբանդյանին դուրս բերեցին շոկից։ Այժմ եկել է Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների՝ խաղի մեջ մտնելու փուլը։ Այս 4-րդ ռաունդում տեղի է ունենալու նյարդերի պայքար։ Թուրքիայի վարչապետն արդեն հայտարարել է, թե երբ կվավերացվեն արձանագրությունները՝ հստակ դնելով Արցախում զիջումների գնալու հարցը։ Հայկական կողմն այս ամենին հակադարձել է, թե իրենք կվավերացնեն միայն թուրքական խորհրդարանի վավերացումից հետո։ Այսինքն, մենք կրկին դիտորդ ենք դարձել։ Հիմա բոլորի ուշադրությունը կենտրոնանալու է Թուրքիայի և Արցախի շուրջ։ Ահավոր ճնշումներ են սպասվում Հայաստանի վրա։ Թուրքիան ու միջնորդ երկրները ձգտելու են արագացնել Արցախի հարցի լուծումը, որն այս պահին այլ բան, քան մեր կապիտուլյացիան, հնարավոր չէ որակել։ Թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը։ Մի բան ակնհայտ է. ցանկացած պարագայում մենք կորուստներ ենք կրելու և արդեն կրել ենք (իշխանությունն իր առջև դրված խնդիրներից որևէ մեկի լուծմանը չի հասել. սահմանը փակ է, և դիվանագիտական հարաբերություն չկա)։ Հարցն այն է, թե արդյոք կկարողանա՞նք նվազագույն կորուստներով դուրս գալ այս շիլաշփոթից, որի հեղինակը Սերժ Սարգսյանն է։ Թուրքիայի համար հակառակ պատկերն է. ցանկացած պարագայում նրանք շահող են դուրս գալու և արդեն շահել են (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չեզոքացնելով և Արցախի հարցում ճնշումներ բանեցնելու հնարավորություն ստանալով)։ Փաստորեն, հայ-թուրքական «ֆուտբոլային» գործընթացների արդյունքում Թուրքիային հաջողվեց Արցախի հարցը տարածաշրջանային սառեցված կոնֆլիկտից դարձնել միջազգային քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիրներից, որի լուծման շրջանառվող տարբերակներից ցանկացածը բարենպաստ չէ մեզ համար։ Միևնույն ժամանակ Հայոց ցեղասպանության հարցն այս ընթացքում միջազգային օրակարգային կետի մակարդակից իջեցվեց երկու երկրների՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա միջպետական վիճահարույց հարցի մակարդակի։ Եվ այս ամենը պետք չէ վերագրել թուրքական ճկուն դիվանագիտությանը։ Դա միֆ է։ Սա տեղի ունեցավ բացառապես Ս. Սարգսյանի՛ սխալների հետևանքով։ Հետևաբար, Հայաստանում սուր անհրաժեշտություն կա համակարգային փոփոխության, որի բաղկացուցիչներից է իշխանափոխությունը։ Խնդիրն այն է, թե իշխանափոխությունը կլինի արտահե՞րթ, թե՞ հերթական էլեկտորալ գործընթացով։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել. 1-ին տարբերակ. Թուրքիան չի վավերացնում արձանագրությունները և փորձում է միջնորդների օգնությամբ հասնել Արցախից հայկական զորքերի հետ քաշմանը։ Եթե Սերժ Սարգսյանը տեղի տա այդ ճնշումներին ու սկսի ժողովրդին համոզել, որ Սերգո ջանը լավ կապրի միայն հող հանձնելուց հետո, ապա Հայաստանում կստեղծվի ֆորսմաժորային իրավիճակ։ Կկրկնվի 98-ի սցենարը, բայց մի քիչ այլ ձևով, և կլինեն արտահերթ զարգացումներ։ 2-րդ տարբերակ. Ս. Սարգսյանն ընդառաջ չի գնում թուրքական նախապայմաններին և կարծր դիրքորոշում է որդեգրում Արցախի հարցում։ Այդ դեպքում հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, և հարաբերությունները կսառեցվեն։ Սա Հայաստանի համար նվազագույն կորուստների տարբերակն է, քանի որ Արցախի հարցն առնչվում է ՀՀ անվտանգությանը, և զիջումներն այս ուղղությամբ պարզապես կատաստրոֆայի կվերածվեն մեզ համար, և կիմաստազրկվի բաց սահման ունենալու գաղափարը։ Կորուստներն այս դեպքում կլինեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, որը հնարավոր կլինի վերականգնել միայն այլ իշխանությունների դեպքում։ Այս տարբերակի դեպքում իշխանափոխության հարցը կլուծվի հերթական համապետական ընտրությունների ժամանակ, քանի որ արտահերթի հանգեցնող քաղաքական ուժ Հայաստանում առայժմ չի ձևավորվել։ Գործող սուբյեկտները խոստովանում են, որ անկարող են միայնակ հասնել Սարգսյանի հրաժարականին կամ էլ առաջնահերթ չեն դիտարկում հրաժարականի հարցը՝ ինչ-ինչ խնդիրներից ելնելով։ Ստացվում է հետևյալ պատկերը. ՀՀ իշխանությունների լեգիտիմությունը ֆանտաստիկ ցածր մակարդակի վրա է, բայց նրանք դեռ շարունակում են կառավարել, քանի որ քաղաքական ուժերը չեն կարողանում իշխանափոխություն իրականացնել։ Ուրեմն դեռ չկա այն ուժը, որը կարողանար միավորել համակարգային փոփոխությունների պահանջ զգացող մեր ժողովրդի 90-95 տոկոսին, այն ուժը, որը «Ղարաբաղ» կոմիտե հիշեցնող ուժ պետք է լիներ։ Եթե այդ ուժը գոյություն ունենար, ապա իշխանափոխությունն օրերի հարց էր։ Ներկայիս փտած իշխանությունը հոգեվարքի մեջ է։ Մեր խնդիրը պետք է լինի նրանցից ձերբազատվելը, բայց այնպես, որ երկիրը փլատակների տակ չհայտնվի։ Դրա համար համաժողովրդական դիմադրություն է պետք, որին հնարավոր է հասնել միայն այն դեպքում, երբ կհամադրվեն, այլ ոչ թե կհակադրվեն ազգային ու դեմոկրատական արժեքները, երբ Ցեղասպանությունն արտաքին քաղաքական օրակարգից հանողը չի ընկալվի որպես լիբերալ, իսկ հակառակ կարծիք ունեցողը՝ ազգայնական (դրանք պարզունակ և սխալ բաժանումներ են), երբ տերտերական առոգանության առկայությունը չի խոսի տվյալ մարդու՝ քրիստոնեական բարոյականության կրող լինելու մասին, երբ քո երկրի ազգային հավաքականի ընդունած գոլից հետո անհասկանալի ձևով հրճվելն ամենևին էլ դիվանագիտական էթիկայի պահպանության նշան չի համարվի, երբ Արցախի հարցում հայաստանակենտրոն դիրքորոշում ունեցողը չի ընկալվի «պատերազմի» կուսակցության ներկայացուցիչ, իսկ հակառակ մոտեցում ունեցողը՝ «խաղաղության»։ Իրականում Արցախի հարցի շուտափույթ լուծման կողմնակիցներն են պատերազմ քարոզում, բայց չեն գիտակցում դա։ Ազգային են և՛ Արցախի հարցը, և՛ սոցիալական բևեռացվածության հարցը։ Դեմոկրատական խնդիրներ են և՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, և՛ օրինական ընտրությունները։ Որևէ հարց չի կարելի առաջնային կամ երկրորդային դիտարկել։ Այս տիպի շատ խնդիրներ կան, որոնք պետք է հանրային լայն քննարկումների փուլ անցնեն, «միս ու արյուն» ստանան։ Իսկ դրա համար ժամանակ է պետք։ Որքան շուտ դա արվի, այնքան շուտ կազատվենք այս փտած ու Հայաստանը մատաղացու սարքած կրիմինալ ռեժիմից։ Պետք է ճիշտ ախտորոշել մեր հիվանդությունը և անկեղծ խոստովանել, որ մենք ունենք ոչ միայն փտած իշխանական համակարգ, այլ նաև նույնանման քաղաքական դաշտ։ Իշխանական և ընդդիմադիր կողմերի վերնախավերի մեծ մասը միմյանց հայելային պատկերներն են իրենց արժեհամակարգերով։ Մինչդեռ բոլոր հատվածներում էլ կա առողջ զանգված հատկապես միջին ու ստորին օղակներում։ Առողջ մտածողության կրողներ բավականին շատ կան և՛ ՀԱԿ-ում, և՛ ՀՅԴ-ում, և՛ «Ժառանգությունում», և՛ ՀՀՇ-ում, և՛ ՀՀԿ-ում, և՛ մյուս կազմակերպություններում։ Ուրեմն հարկավոր է կոնսոլիդացնել այդ զանգվածին հստակ գաղափարի շուրջ՝ ազգային-դեմոկրատական փոփոխությունների։ Թե չէ կուսակցությունների մեխանիկական գումարմամբ կոնսոլիդացիա հնարավոր չէ։ Եթե 18 կուսակցությունը դառնա 28 կամ 38, ապա դրանից իրավիճակը չի փոխվի, քանի դեռ պարզ չէ, թե ինչն ինչով է փոխվելու։ Առավել ևս՝ ոչ մի դրական տեղաշարժ հնարավոր չէ ակնկալել, երբ «էն գլխից» հայտարարվում է, թե այլևս բան փոխել հնարավոր չէ, քանի որ «մեծ պապաներն» արդեն որոշել են՝ Ղարաբաղն արդեն ծախած-պրծած է։ Իշխանափոխություն իրականացնող ուժն այժմ ձևավորման փուլի մեջ է, որը հուժկու ժողովրդական ալիքի միջոցով կիրականացնի գլոբալ փոփոխություններն այն պահին, երբ իշխանությանը կթվա, թե իրենք այլևս կոտրել են ժողովրդի դիմադրությունը։ Սովետական միության հետադիմական կոմունիստական ուժերին էլ էր թվում, թե իրենք հավերժ են, բայց նրանց վերջը վրա հասավ այն պահին, երբ աշխարհի ջոջերը թփթփացնում էին գորբաչովների ուսերին և քաշքշում նրանց թշիկներից։ Մեզանում ձևավորվելիք համաժողովրդական ալիքն իր օրակարգում պետք է դնի ազգային-դեմոկրատական փոփոխությունների հասնելու խնդիրը, որն ինքնաբերաբար լուծելու է նաև իշխանափոխության հարցը։ Այժմ պետք է գաղափարական դաշտը ձևավորել, հստակ դնել արտաքին ու ներքին քաղաքականության փոփոխությունների նոր վեկտորները, հանրությանն առաջարկել Սահմանադրության նոր մոդել, որտեղ մարդ-հասարակություն-պետություն հարաբերություններում դեմոկրատական սկզբունքները կլինեն ոչ երկիմաստ ու երաշխավորված։ Մարդիկ պետք է փոփոխություների մեջ տեսնեն և՛ իրենց անձնական շահը, և՛ քաղաքացիական շահը, և՛ ազգային, համապետական շահը։ Սրանք բոլորը փոխկապակցված են։ Տարանջատողները երբեք հաջողության չեն հասնի ու չեն հասել։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի փոխել ՀՀ-ում ձևավորված «Իշխանության մուտքը ներսից է» արատավոր մոդելը, որն արմատավորվեց 1995-ից սկսած։ Դրսից գալու համար պետք է միավորիչ հզոր գաղափար ունենալ, որը հետանկախական շրջանում գործող տարատեսակ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարողացել առաջարկել մեր ժողովրդին։ Դրա համար էլ իշխանությունը կամ չի հեռացել, կամ փոխվել է ներսից։ Պետք է դուրս գալ այդ փակ ցիկլից։ Մենք նոր 88-ի շեմին ենք։ Այլընտրանք չկա։ Այլընտրանքը Հայաստանի կապիտուլյացիան է, որին անձամբ ես կողմ չեմ և չեմ պատրաստվում հանձնվել։ Մեզ անհրաժեշտ են նոր գաղափարներ և այդ գաղափարի շուրջ համախմբված քաղաքական նոր էլիտա։ Պետք չէ հիասթափվել։ Գալու է ներսում և դրսում հաղթանակներ տանելու ժամանակը։

No comments: