Tert.am. 19-10-2009- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ բացահայտ կերպով մեղադրել է Թուրքիային առ այն, որ վերջինս խոչընդոտում է ադրբեջանական վառելիքը Եվրոպա արտահանելու գործընթացին: Ինչպես հաղորդում է Newsru.com-ը, դա տեղի է ունեցել Ադրբեջանի նավթային ընկերության և «Газпром»-ի միջև գազամատակարարման վերաբերյալ պայմանագիր ստորագրելուց երկու օր անց:
Ալիևն հայտարարել է, որ արտասահմանյան ներդրողները, British Petrolium-ի ղեկավարությամբ, նույնիսկ ճգնաժամային ժամանակաշրջանում պատրաստ են եղել երկրի տնտեսության մեջ 20 միլիարդ դոլար ներդնել` «Շահ-Դենիզ» հանքավայրի շահագործման երկրորդ փուլի շրջանակներում, «սակայն արհեստական խոչընդոտները խանգարում են մեզ»:
«Մեզ հարմար չի նաև գինը: Առաջարկվող նման գներով մենք ոչ ոքի գազ չենք վաճառի: Նաև ձեռնատու չեն սակագնային դրույքները: Մեզ առաջարկվող տարանցման սակագինը 70% գերազանցում է տարածաշրջանում ընդունված գները: Ինչո՞ւ մենք պետք է գնանք դրան»:
Ալիևը, ինչպես գրում է «Время новостей» թերթը, սպառնացել է ողջ գազը վաճառել ավելի զիջող հարևաններին` Ռուսաստանին և Իրանին:
Թուրքական կողմի պատասխան քայլ կարելի է համարել այն փաստը, որ նախորդ շաբաթվա վերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաղդադ կատարած այցի շրջանակներում Իրանի իր գործընկերոջ հետ տարեկան մինչև 8 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարող գազատարի շինարարության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր է ստորագրել: Գազատարը թույլ կտա Թուրքիայի տարածքով Իրաքից գազ մատակարարել Եվրոպային: Բրյուսելը և Nabucco նախագծի հեղինակներն առաջին փուլում իրաքյան գազի հենց նման ծավալի հույս ունեն:
Ադրբեջանը երկար տարիներ է, ինչ համաշխարհային գների ընդամենը մեկ երրորդ մասով գազ է մատակարարում Թուրքիային, բողոքում է Ալիևը: Երկու երկրների միջև արդեն կա նաև տրանսպորտային ենթակառույց և պայմանագրային փոխհարաբերությունների պատմություն: Ադրբեջանական գազի Թուրքիա արտահանումը սկսվել է 2006թ.` «Շահ-Դենիզ» հանքավայրի շահագործման առաջին փուլի շրջանակներում: Այս տարի նրանք պետք է դուրս գային 6,6 միլիարդ խորանարդ մետր պայմանագրային ծավալի:
Սակայն արդեն մեկուկես տարի է, ինչ Ադրբեջանի Նավթագազային ընկերությունը և թուրքական Botas պետական ընկերությունը բանակցություններ են վարում պայմանագրի կետերի մեջ փոփոխություններ մտցնելու համար: Բաքուն փորձում է իրագործել պայմանագրով նախատեսված գնի փոփոխման կետը, որը նախապես հաստատվել էր 120 դոլար 1000 խորանարդ մետրի համար: Անկարան, չնայած հակադրվում է, սակայն ներկայումս կրկնակի, իսկ նախկինում 3-3,5 անգամ թանկ գնով գազ էր գնում «Газпром»-ից:
Աչք է ծակում նաև այն հանգամանքը, որ Բաքվի կողմից կազմակերպված դեմարշը համընկել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման զարգացման ժամանակաշրջանի հետ:
Միևնույն ժամանակ ԵՄ-ում ընթանում են ԵՄ անդամագրվել ձգտող երկրների վերաբերյալ զեկույցների լսումներ: Թուրքիան այդ ճանապարհին հանդիպում է մի շարք խոչընդոտների, իսկ Ալիևն օգտվում է առիթից` եվրոպացիներին հրապուրելու համար:
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment