Saturday, October 10, 2009

ՍՓՅՈՒՌՔԸ ԴԵՌ ՄԵՌԱԾ ՉԷ

«Լրագիր» 9-10-2009- Հայաստանի ԱԳ նախկին նախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահան Փափազյանը Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունից տպավորություն է ստացել, որ Սփյուռքը դեռ մեռած չէ: “Այդ ուղեւորությունն այլ տեսանկյունից գնահատելու կարիք չունի: Ճիշտ են այն մարդիկ, որ ասում են` եթե ասելու բան ուներ, նրանց հետ քննարկելու հարց ուներ, պետք է մինչ նախաստորագրելը գնար: Ի՞նչ իմաստ ուներ գնալը: Գնաց ասելու`գիտեք, ժողովուրդ, ասեք ձեր կարծիքը մի հարցի շուրջ, որն արդեն ես հաստատել եմ”, ասել է Փափազյանը: ԱԳ նախկին նախարարը նշել է, որ օր օրի հասարակության գիտակցող հատվածի ռեակցիան այդ արձանագրությունների հարցում դառնում է ավելի չհանդուրժող, սուր: Ավելին, շատ-շատերը դեռ չեն ուզում գիտակցել, թե ինչ է պատահել: “Երբ վերջանա ամեն ինչ, ստորագրվեն արձանագրությունները, չգիտեմ` ինչպես կարտահայտեն իրենց դժգոհությունը, բայց որ այն ավելի է աճելու, սրվելու, փաստ”, նշել է նա: Զուգահեռ` մեկ փաթեթի մեջ ԼՂ խնդիրը եղել է հայ-թուրքական բանակցությունների բաղադրիչներից մեկը, ասել է Վահան Փափազյանը: “Եվ հիմա էլ հայ-թուրքական եւ ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորումներն ընթանում են զուգահեռ եւ մեկ փաթեթի մեջ”, նշել է նա: Ըստ Փափազյանի`”1991թվականից սկսած նախապայմաներ չեն եղել, եղել է նախապայման` Ղարաբաղի հարցի հետ կապված: Ես այն ժամանակ բախտ եմ ունեցել շփվելու Թուրքիայի մի շարք արտգործնախարարների հետ, եւ իմ բանակցությունների ընթացքում բոլորի հետ էլ եղել է մի խնդիր` ԼՂ հարցը: Ուրիշ հարց չի եղել: Լեռնային Ղարաբաղի խնդիրը միշտ առկա է հայ-թուրքական բանակցություններում”, տեղեկացրել է նա` հավելելով, որ իշխանությունների պնդումները, թե արձանագրություններում Ղարաբաղի հարցը չկա, բացահայտ սուտ են: “Վաղը արձանագրությունները ստորագրելուց հետո հարցը կտեղափոխվի խորհրդարաններ` վավերացման կամ չվավերացման, կամ էլ երկարաձգման: Բայց որեւէ կասկած չկա, որ այս փաստաթղթերը ուժի մեջ կմտնեն միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի հարցում տեղի ունենա որոշակի առաջընթաց: Որոշակի առաջընթաց ասելով` շատ պարզ է, թե ինչ հասկանալ` Ղարաբաղի 5 շրջաններից հայկական զինուժի դուրսբերում: Շատ հաճախ ենք հարցեր լսում, որ ընդդիմությունը, ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, այստեղ վատ բան չի տեսնում` մեջբերելով Տեր-Պետրոսյանի խոսքերը հանրահավաքի ժամանակ: Այո, դա այդպես է. որպես ազգի համար պատասխանատու գործիչներ` գտնում ենք, որ, այո, ԼՂ-ի հարցը պետք է լուծվի: Իհարկե, պետք է լուծվի, բա ինչ: Մինչեւ երբ պետք է Հայաստանը մնա պատերազմի վերսկսման վտանգի առջեւ, եւ բացի դիվանագիտական լուծումից, ինչ լուծում կարելի է առաջարկել: Այլ հարց է, որ 1997-1998 թթ. փաթեթային, փուլային լուծումները, որ առաջարկվում էին, ավելի լավն էին, քան Մադրիդյան սկզբունքները”, նշել է նա: ԱԳ նախկին նախարարի կարծիքով, տարածքների հանձնման խնդիր միշտ էլ կա: “Այլ խդիր է, թե երբ, ոնց, ինչ հերթականությամբ, որ տարածքը պետք է պահպանվի, միջանցքի խնդիրը ոնց պիտի լինի, պիտի ապառազմականացվե՞ն այդ տարածքները, թե ոչ”, մանրամասնել է ԱԳ նախկին նախարարը: Գիտի, բայց չի ասում “Ես գիտեմ, թե երեկ ինչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը: Բայց չեմ ասի: Ասեմ միայն, որ նրանք առաջիկայում` մեկ-երկու ամիս անց, կրկին կհանդիպեն ու այդ ժամանակ հնարավոր է, որ հրապարակ գա կոնկրետ փաստաթուղթ”, հայտարարել է ԱԳ նախկին նախարարը: Վահան Փափազյանին անհանգստացնում է այն փաստը, որ թեեւ Ղարաբաղում լավատեղյակ են գործընթացից, բայց լռում են: “Եթե լռում են, ուրեմն համաձայն են, ընդունում են: Այս դեպքում Հայաստանում, Սփյուռքում ապրողներն իրավունք ունեն միայն բողոքելու, բայց չեն կարող չընդունել, քանի որ իրենք ընդունում են”: Սարսափելի է Վահան Փափազյանը սարսափելի է համարում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները: Նրան անհանգստացրել է մասնավորապես, պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու դրույթը; “Վաղը ստորագրվող հայ-թուրքական արձանագրություններն առանձնապես սարսափելի չէին լինի, եթե չլիներ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կետը: Փաստաթղթում կան այլ մտահոգիչ կետեր էլ, բայց ամենակարեւոր զիջումը սա է: Դա Սերժ Սարգսյանի ու Էդուարդ Նալբանդյանի զիջումը չէ, դա գալիս է ավելի վաղ շրջանից` 1998 թվականից”, նշել է նա: Ըստ նրա, եթե մի կետ ընդունելի չէ, հետեւաբար` ընդունելի չէ ամբողջ փաստաթուղթը: Պարոն Փափազյանի խոսքով, 1998 թ, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դառնում է արտաքին քաղաքականության օրակարգի կարեւորագույն հարցերից, Թուրքիան սկսեց դրան հակազդելու իր գործողությունները: “Առաջին իշխանությունները, լինելով գիտական, մտավորական շրջանակների ներկայացուցիչներ, լավ էին հասկանում, թե ինչ հետեւանքների կբերի, եթե հայտարարեն, որ Ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքականության հրատապ հարցերից մեկն է: Եթե մենք հայտարարում ենք, որ այն օրակարգային հարց է, ապա Թուրքիային պարտադրում ենք, որ հակազդի դրան, քայլեր ձեռնարկի: 1998 թվականից հետո առաջին հակաքայլը եղավ 2005 թվականի ապրիլի 10-ին, երբ Թուրքիայի նորանշանակ վարչապետ Էրդողանը նամակ ուղղեց Ռոբերտ Քոչարյանին` պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկով: Հայաստանի նախագահը պատասխանել էր, որ երբ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, Հայաստանը պատրաստ է ստեղծել միջկառավարական հանձնաժողով ու քննարկել բոլոր խնդիրները: Այն, ինչ ունենք, նոր չէ, գալիս է 2005 թվականից”, ասել է նա: ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

No comments: