Thursday, October 1, 2009

Անհնար է Ցեղասպանության հարցը կասկածի տակ առնել. ՀՀ նախագահ

Tert.am- 30-92009- «Մեկ անգամ ևս ասեմ, որ թուրքերի հետ հարաբերություններ հաստատել, բնավ չի նշանակում Ցեղասպանությունը կասկածի տակ առնել, առավել ևս՝ այն մոռանալ։ Դա ուղղակի անհնար է», – այսօր Հանրային խորհրդի անդամների հետ հանիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առիթով խորհրդի անդամների կողմից հնչեցրած մտահոգություններին։ Նախագահը զարմանք է արտահայտել այն հայտարարությունների կապակցությամբ, որոնցում վախ է արտահայտվում Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու առնչությամբ։ «Որևէ մի նորմալ մտածող մարդ չի կարող Ցեղասպանությունը մոռանալ և չեն կարող լինել որևէ պատճառներ, որոնք պիտի ստիպեն այլ քայլերի գնալ։ Սա անհնար բան է»,– ևս մեկ անգամ շեշտել է հանրապետության նախագահը։ Ինչ վերաբերում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, նախագահ Սարգսյանն ասել է. «Երբ որ ասում են, որ թուրքերն անպայման հանձնաժողովի կամ ենթահանձնաժողովի հենց առաջին նիստին բերելու են Ցեղասպանության հարցն են դնելու, այսինքն ի՞նչ է դա նշանակում. ինչի՞ այդ հանձնաժողովը ղեկավարվում է թուրքերի կողմից։ Այդ հանձնաժողովը պարիտետային սկզբունքով ստեղծված հանձնաժողով է, որտեղ մի կողմը կարող է իրենն ասել, մյուս կողմը կարող է իրենն ասել»։ «Ես շատ լավ, շատ հստակ գիտակցել եմ և գիտակցում եմ, որ շատ ծանր պրոցեսի մեջ ենք մտել։ Շատ հստակ եմ գիտակցում, որ ցանկացած քաղաքական պրոցես ունի նաև գին և պատրաստ եմ նաև այդ գինը վճարելու։ Հետո պարզ կդառնա՝ մեր ձեռքբերածն է շատ, թե կորցրածը»,– թեման եզրափակել է Սերժ Սարգսյանը։

No comments: