«ԱՅՍՕՐ», 19-10-2009- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Շուշի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Բակուր Կարապետյանը հայտնեց, որ ադրբեջանական մամուլում բանավեճեր են ծավալվում, որոնց բանախոսները փորձում են «ներկայացնել», թե որտեղից են սերում ադրբեջանցիները և ինչ ընդհանուր ազգային գաղափարախոսություն պետք է ունենան:
Բ. Կարապետյանը, ի պատասխան Aysor-ի հարցին, թե ինչու՞ է ադրբեջանական մամուը նման բանավեճեր ծավալում, հայտնեց, որ «սա քաղաքական բարդ խնդիր է, քանի որ ադրբեջանցիները նպատակ ունեն ազգային գաղափարախոսություն ստեղծել, ինչը չունեն»:
«Եթե իրենց էթնիկական ծագումը չեն կարողանում գտնել, այդ գաղափարախոսությունը գտնելը դժվար է, հատկապես, երբ նրանք չեն ուզում ընդունել, որ այդտեղ տարածքներ ունեն լեզգիները, ավարցիները, ուտիները, թալիշները, թաթարները, հայերը, իրենց կողմից տեղափոխված քրդերը»,- բացատրեց Բ. Կարապետյանը:
Մանրամասնելով, թե ինչում է խնդրի բարդությունը, բանախոսը հայտնեց, որ Ադրբեջանը տարէթնիկ պետություն է և երկրի իշխանությունները չեն կարողանում նրանց ի մի բերել:
«Ադրբեջանի ներսում էլ պայքար կա, թե ճիշտն ովքեր են: Իրենք չեն կարող թուրք կոչվել, ինչը ցանկանում է Բաքվի որոշ վերնախավ, սակայն դա արհեստական է, և տեղի ժողովուրդն էլ չի ընդունում: Վերնախավում մի մասն ասում է, որ իրենք ադրբեջանցիներ են, սակայն 100 հազար լեզգիներ կան, ովքեր չեն ընդունում, որ իրենք ադրբեջանցի են»,- նշեց Բ. Կարապետյանը:
Այն, որ Ադրբեջանում որոշ հատվածներ ցանկանում են ժողովրդին «թուրք» լինելու մեջ համոզել` ադրբեջանցիներին թուրքացնել, ըստ Բ. Կարապետյանի, «Թուրքիայի մշակած ծրագիրն է, և Թուրքիային է ձեռնտու»: Մյուս կողմից` նա նշում է, որ ադրբեջանցիները չեն էլ կարող, ինչպես տեղի ժողովուրդն է ասում, մուսուլման կոչվելով` միավորվել, քանի որ ադրբեջանցի մուսուլմանների մեջ էլ կան սունիններ ու շիաներ:
Ինչն է մեզ` հայերիս համար ձեռնտու, որ նրանք մոլորվա՞ծ մնան, թե՞ կողմնորոշվեն, Aysor-ի հարցին ի պատասխան Բ. Կարապետյանն ընդգծեց. «Որ նորմալ ամբողջական, կարգին պետություն լինի, կարգին հարևանություն անենք, մեզ ձեռնտու է»:
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment