Tert.am. 16-10-2009- Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու փաստը չի կարող արգելք լինել Թուրքիայի` Եվրամիության կազմում ինտեգրվելու համար: Հոկտեմբերի 15-ին Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Եվրամիության հարցերով նախարար և ԵՄ ինտեգրման գծով Թուրքիայի կողմից գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը, հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Անկարայից։
Նրա խոսքով` Եվրամիության անդամ մի շարք երկրներ ավելի շատ խնդիրներ ունեն, քան Թուրքիան, սակայն դա չի խանգարում նրանց լինել այդ կառույցում, այնպես որ Ցեղասպանության խնդիրը, ըստ նախարարի, չափանիշ չէ ԵՄ կազմում ինտեգրվելու: Որպես օրինակ Բաղիշը նշեց, որ ԵՄ-ի կազմում կան երկրներ, որտեղ ավելի մեծ թվով մարդիկ են սպանվել:
Հայ լրագրողի այն առարկմանը, որ եթե նախարարը նկատի ունի Գերմանիան, ապա վերջինս ճանաչել է Հոլոքոստը և ներողություն խնդրել հրեաներից, Բաղիշը պատասխանել է, թե ինքը կոնկրետ երկրի անուն չի նշել:
Հայ լրագրողների և Եվրամիության հարցերով նախարարի հանդիպումը մեկնարկեց թուրք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Էգեմեն Բաղիշը ողջույնի խոսք ասաց` ընդգծելով, որ Թուրքիան կողմնակից է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Նա հիշեցրեց, որ երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իշխանության եկավ, որոշում կայացվեց հարաբերությունները բարելավել բոլոր հարևանների հետ: Բաղիշը նշեց, որ 2005թ. իր երկրի կառավարությունը նամակ էր ուղարկել Ռոբերտ Քոչարյանին` առաջարկելով բանակցություններ սկսել հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:
Բացման խոսքում Բաղիշը կրկնեց թուրք պաշտոնայնների՝ բազմիցս հնչեցրած ծրագրային ելույթները՝, թե Թուրքիան միշտ պատրաստ է համագործակցել հարևանների հետ, աջակցել կայունությանը տարածաշրջանում:
Իր խոսքից հետո նախարարը խնդրեց թուրքական հեռուստաընկերությունների օպերատորներին հեռանալ:
Բնական է, որ հայ լրագրողների հետ զրույցի ժամանակ հիմնական հարցերը կապված էին Հայոց Ցեղասպանության ճանաչման և ղարաբաղյան հիմնախնդրի հետ:
Բաղիշը կրկնեց Թուրքիայի իշխանությունների պաշտոնական տեսակետը, որ Ցեղասպանության խնդիրը պետք է ուսումնասիրվի գիտնականների հանձնաժողովի կողմից:
Ինչ վերաբերում է ԼՂՀ խնդրին, ապա նա նշեց, որ թեև Արձանագրություններում այդ հարցը չի շոշափվել, բայց քանի դեռ «Ադրբեջանի հողերը օկուպացված են», խորհրդարանի որոշումն անկանխատեսելի է:
Թուրքիայի խորհրդարանն անկախ մարմին է, համոզված է Բաղիշը, և կարող է յուրաքանչյուր որոշում կայացնել: Նա միևնույն ժամանակ նշեց, որ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումն այլ կերպ կտրամադրի խորհրդարանականներին: Այն հարցին, թե ինչ ինքը նկատի ունի` ասելով ղարաբաղյան հարցի լուծում, Բաղիշը պատասխանեց. «Յուրաքանչյուր լուծում, որն ընդունելի կլինի և' հայկական, և' ադրբեջանական կողմի համար»:
Հանդիպման վերջում լրագրողներից մեկը նկատեց, որ, դատելով թուրք պաշտոնյաների տրամադրվածությունից, կարելի է կանխատեսել, որ հայ-թուրքական սահմանի բացումը կասկածի տակ է դրվում:
«Այդքան վստահ մի եղեք: Ես այս հարցում լավատես եմ», - պատասխանեց նախարարը:
Friday, October 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment