«Լրագիր» 16-10-2009- Հայաստանում կարծես թե սկսում է տեղական արտադրանքը գնելը խրախուսելուն ուղղված մի արշավ, որի նախադեպը տարիներ առաջ եղել է: Երեւի հիշում եք “օգնենք մեզ` գնենք մերը” կարգախոսը: Հիմա նորից վերադառնում ենք այդ կարգախոսին: Հեռուստաեթերում կարելի է հանդիպել տարբեր հոլովակների, որոնք արվում են կարծես թե հասարակական կազմակերպությունների ջանքերով, սակայն թերեւս կասկած չկա, որ գաղափարի հեղինակն իշխանությունն է: Պարզ է, թե ինչով է դա պայմանավորված: Խնդիրը հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարն է եւ դրա դեպքում թուրքական արտադրության էքսպանսիայի մասին մտահոգությունները: Իշխանությունը ցանկանում է ցույց տալ, որ պատրաստ է ձեռնարկել քայլեր, որոնք կպաշտպանեն տեղական արտադրությունը: Ենթադրվում է, որ քաղաքացիները անսալով տեղական արտադրանք գնելու հոլովակներին, մոռանալու են արտերկրի, մասնավորապես թուրքական ապրանքների մասին, եւ այդպիսով Հայաստանի տեղական արտադրողը լինելու է թուրքական էքսպանսիայից պաշտպանված: Դա իրավիճակի մի քիչ պարզունակ, բայց թերեւս բուն բնութագիրն է:
Բայց փորձենք հասկանալ, թե ինչու մինչեւ այժմ հայ սպառողը նախապատվությունը չի տվել տեղական արտադրողին, կամ չի տվել այնքան, որ կարիք չլիներ հանդես գալ հերթական կարգախոսներով: Երեւի թե բոլորն են գիտակցում եւ հասկանում, որ սպառողին առաջ է մղում երկու գործոն` ապրանքի գինը եւ որակը: Եթե մարդիկ նախապատվությունը տալիս են արտերկրի ապրանքներին, ուրեմն դրանք տեղականի համեմատ էժան են եւ ավելի որակով: Կամ եթե որակով չեն, ապա տեղականը որակական առումով այդքան էլ առավելություն չունի, որ ենթադրվեր գնի նման տարբերություն: Այսինքն, մարդը գուցե գիտակցում է, որ տեղական արտադրանքն ավելի որակով է, սակայն գերադասում է գնել էժանը, քանի որ նրա համար էժանի որակն այդքան վատ չէ, որ նախընտրի տեղական թանկը:
Այսինքն, սպառողը առաջ է շարժվում բավական պրագմատիկ հաշվարկներով: Իսկ դա նշանակում է, որ միայն տեղական արտադրանք գնելու կոչերով իրավիճակը փոխելն ուղղակի լուրջ չէ: Իրավիճակը պետք է փոխել տեղական արտադրանքը էժանացնելով եւ որակի հարցում առնվազն հետ չգնալով: Իսկ դրա համար պետությունը պետք է աշխատի տեղական արտադրողների հետ, նրանց համար, եթե հարկ է, սահմանի հարկային որոշակի արտոնյալ միջավայր: Ընդ որում, տեղական արտադրողին պետք չէ խրախուսել ներմուծողի համար խաղի կանոնները փոխելով, քանի որ դրանից քաղաքացին չի շահում, այլ կորցնում է իր էժան ապրանքի աղբյուրը: Այդպես նա նույնիսկ կարող է ատելությամբ էլ լցվել տեղական արտադրողի հանդեպ: Համ էլ, ներմուծողի համար կանոնը խստացնելով պետությունը տեղական արտադրողին կաջակցի միայն իր երկրի ներսում, մինչդեռ պետք է ավելի գլոբալ մտածել եւ հոգալ տեղական արտադրության միջազգային մրցունակության մասին:
Բայց, ինչպես երեւում է, Հայաստանի իշխանությունը գնում է հին ու փորձված ճանապարհով եւ որեւէ հարց լուծելիս առաջին հերթին մտածում է դրա քարոզչական պոտենցիալի մասին: Գովազդում են տեղական արտադրանք, որ իրական գործ չանեն: Մինչդեռ, իրական գործին պետք է հաջորդի տեղական արտադրանք գնելու խրախուսման գովազդային արշավը, որ դրա վրա ծախսվող փողն արդարացվի: Իսկ իրական գործի առաջին քայլը թերեւս պետք է լինի բիզնեսն ու իշխանությունը տարանջատելը եւ տեղական արտադրության ոլորտում մրցակցային միջավայր ձեւավորելը: Նույն ոլորտում մի քանի ընկերությունների գործունեությունը դեռ չի նշանակում մրցակցություն, քանի որ այդ ընկերությունների պաշտոնյա հովանավորները կամ տերերը իրար մեջ հանգիստ, ընդ որում բարձրագույն իշխանության հավանությունը ստանալով, բաժանում են սպառողական շուկան “արդարաբար”: Այդ իրավիճակը պետք է փոխվի: Այսինքն, անհրաժեշտ է տնտեսական ոլորտում համարձակ քայլերի կամք եւ ցանկություն, այլապես տեղական արտադրանք գնելու կոչը քաղաքացիների վրա կունենա ճիշտ նույն ազդեցությունը, ինչ ասենք ընտրության ժամանակ ունենում է իշխանության օգտին քվեարկելու կոչը:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Friday, October 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment