Thursday, October 15, 2009

Ֆուտբոլասեր նախագահը

7Օր- 14-10-2009- «Ֆուտբոլային» որակված դիվանագիտությամբ պայմանավորված այս ամբողջ շիլաշփոթը և դրա հետևանքով Հայաստանի շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումները բացահայտեցին մեկ բան՝ Սերժ Սարգսյանն այս ամենը նախաձեռնել էր, որպեսզի տրիբունայից սատարի իր սիրելի թիմին։ Պարզ է, որ ի սկզբանե դա չէր նպատակը, բայց այդպես ստացվեց։ Նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար այլ արդյունքներ չի արձանագրել։ Այսինքն՝ ֆուտբոլային դիվանագիտությունից մեզ «օգուտ» մնաց միայն գնդակը, որը, մեծ չափով և համապատասխան գրությամբ, որպես «ախպերության» նշան ֆուտբոլային պատասխան խաղի օրը տեղադրվել էր հայկական լրատվամիջոցներում, այդ թվում և տերպետրոսյանական մամուլում՝ ի նշան հայ-թուրքական քիրվայության։ Այնպես որ, ՀԱԿ-ում թող ձևեր չթափեն, թե դեմ են այս արձանագրություններին և դրա համար էլ պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Պահանջելը պահանջում են, բայց բարի նախանձով են տրամադրված այս ամենի նկատմամբ ու ասում են՝ մենք որ լինեինք, հայ-թուրքական քիրվայությունն ավելի ճոխ կանեինք։ Սա՛ է իրականությունը, և այդ իսկ պատճառով էլ ՀԱԿ-ն իր հստակ «Ո՛չ»-ը չասաց արձանագրություններին և չէր էլ կարող ասել, քանի որ իրենց շարժիչը տարիներ շարունակ «Այո՛»-ի վրա է կառուցված եղել։ Դեռ մի բան էլ ավելին։ Դա է պատճառը, որ ՀԱԿ-ը, փաստացի, դադարեցրել է պայքարը։ Ի՞նչ ասեն կամ ի՞նչ անեն։ Հո չե՞ն կարող Տեր-Պետրոսյանի շուրթերով հայտարարել, թե հայ-թուրքական հարաբերությունները շաղկապվել են Արցախի հարցի հետ, ու դա վատ է։ Մայիսի 1-ի հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանը ճիշտ հակառակն էր ասում։ Իր ելույթում ՀԱԿ առաջնորդը սկզբում նկարագրեց, թե ինչ վատ բաներ են սպասվում Արցախի մասով, բայց հետո բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար (ուղիղ խոսքում արված ընդգծումը մերն է-խմբ.)»։ Այդ հիմա է, որ ՀԱԿ-ը հայտարարում է, թե՝ հարա՜յ, հասե՜ք, Արցախին վտանգ է սպառնում։ Բայց ո՞վ չգիտի, որ վտանգ սպառնում է։ Դա ի՞նչ մի արտառոց բացահայտում է։ Ճիշտ է, Տեր-Պետրոսյանը միշտ էլ ասել է, որ հայ-թուրքական հարցը կապվում է Արցախի հետ, բայց այդտեղ դրական տարրեր է տեսել, այլ ոչ թե բացասական, և հիմա կոկորդիլոսի արցունքներ թափել պետք չէ։ Իսկ եթե ՀԱԿ-ը և մասնավորապես Տեր-Պետրոսյանը վերանայել են իրենց մոտեցումներն այս հարցերում, ապա թող այդ մասին բացահայտ հայտարարեն, այլ ոչ թե սրտաճմլիկ գնահատականներ տան իրավիճակին, սակայն խուսափեն որոշակիորեն ասելուց, թե իրենք արձանագրություններին և հայ-թուրքական ներկա գործընթացին «Այո՞» են ասում, թե՞ «Ոչ»։ Իսկ հրաժարական պահանջելն արդեն ասել եմ, որ ոչինչ չի նշանակում։ Մեր բակի Հայրապետի տատիկն էլ կարող է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականն ու հետն էլ հայտարարել, թե չի կարող դրան հասնել։ Հետո ի՞նչ։ Ժամանակին Գեղամյանը պահանջում էր Քոչարյան-Սարգսյան զույգի հրաժարականը, Վազգեն Մանուկյանը իդիոտ էր անվանում նույն Սարգսյանին (ճիշտն ասած՝ արդեն չեմ հիշում, թե ով էր ում առաջինը իդիոտ անվանել), իսկ Ս. Սարգսյանը դհոլ որակումը տվեց Գեղամյանին և համարժեք պատասխան տվեց Մանուկյանին։ Հիմա նշված անձիք նույն տիրույթում են հայտնվել։ Այնպես որ, ժողովրդական լեզվով ասած՝ «Շատ մի ատեք՝ սիրել կա»։ Վերադառնալով սարգսյանական «ֆուտբոլին»՝ արձանագրենք, որ այժմ պատկերը հետևյալն է. 1.Ուժգնացել են Հայաստանի վրա ճնշումներն Արցախի մասով, այդ թվում՝ նաև Թուրքիայի կողմից, 2.Ամբողջ աշխարհում, փաստացի, դադարեցվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Սրանք թուրքական կողմի ցանկություններն էին, որոնք նրանք ամբողջությամբ ստացել են։ Իսկ ի՞նչ ենք ստացել մենք, բացի նրանից, որ Սարգսյանը հնարավորություն է ստացել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտել ոչ թե հեռուստատեսությամբ, այլ «բնեղեն» տեսքով։ Տեսե՛ք, Հայաստանի դիվանագիտությունն իր առջև խնդիր էր դրել բացել հայ-թուրքական սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Գործընթացները ցույց են տալիս, որ այդ խնդիրները չեն լուծվելու։ Ավելին, դրանց լուծումից մենք հեռացել ենք, ինչպես երբեք։ Հայ-թուրքական հարաբերությունները գնալով ավելի են սրվելու, և մենք հայտնվելու ենք ավելի աննպաստ հարթության մեջ, քան էինք մինչև Գյուլի Երևան ժամանելը։ Եթե հիշում եք՝ Սարգսյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական սահմանի բացումը գին ունի, և ինքը պատրաստ է վճարել այդ գինը։ Թուրքական կողմը, բացի այն, որ կորզել է վերը նշված օգուտները, հիմա շարունակում է սահմանի բացման գինը բարձրացնել և խոսում է Արցախից զորքերը դուրս բերելու նախապայմանի շեշտադրմամբ։ Արդյոք հայկական կողմը պատրա՞ստ է լինելու վճարել նաև այդ գինը, ցույց կտա ժամանակը։ Եթե պարզվի, որ Ս. Սարգսյանը խիստ նախաձեռնող է նաև Արցախի հարցում, ապա երկրում կստեղծվի ֆորսմաժորային իրավիճակ, որը, ըստ իս, կավարտվի նախագահի պարտադրված հրաժարականով, ինչպես որ դա եղավ 1998թ, սակայն՝ այլ սցենարով ու տեխնոլոգիաներով։ Իսկ եթե Սարգսյանը պատրաստ չէ այդ գնին, ապա մեր «ձեռքբերումը» կլինի այն, որ Թուրքիան պատասխանող կողմից կվերածվի (արդեն վերածվել է) նախահարձակ կողմի՝ ամբողջ աշխարհից պահանջելով վերականգնել Ադրբեջանի, իրենց պատկերացմամբ՝ տարածքային ամբողջականությունը, բայց այդ ուղղությամբ էական հաջողության չի հասնի։ Ի դեպ, երկրորդ տարբերակի դեպքում Սարգսյանի իշխանությանն առայժմ ոչինչ չի սպառնա, քանի որ դեռևս չի ձևավորվել այն ուժը, որը կկարողանար իշխանափոխություն իրականացնել. ՀԱԿ-ը, հասկանալի պատճառներով, անցել է ընդհատակ, իսկ ազգային ուժերը հանրային ալիքի լոկոմոտիվի դեր դեռևս չեն ստանձնել (այս հարցին ես առանձին հոդվածով կանդրադառնամ)։ Ժամանակ է պետք։ Այսինքն՝ Սարգսյանի իշխանության պահպանումն այս պահին հիմնված է ՀԱԿ-ի՝ առայժմ դոմինանտ ընդդիմադիր ուժ լինելու ընկալման և ազգային ուժերի՝ դեռևս ձևավորման փուլի մեջ գտնվելու հանգամանքի վրա։ Սարգսյանը հայտարարել էր նաև, որ ինքը Թուրքիա կմեկնի միայն այն դեպքում, երբ Թուրքիայի հետ սահմանները կլինեն բաց, կամ մենք կգտնվենք սահմանների բացման նախաշեմին։ Ինչպես հայտնի է՝ սահմանները բաց չեն։ Էրդողանի վերջին հայտարարությունն էլ հուշում է, որ գործընթացներն այժմ չի կարելի բնութագրել որպես նախաշեմ։ Այդ դեպքում Սարգսյանի Թուրքիա մեկնելն առնվազն անհասկանալի է։ Եթե Սարգսյանն իր խոսքի տերն էր, ապա պետք է չմեկներ Թուրքիա։ Իսկ միգուցե մենք իրո՞ք սահմանի բացման նախաշեմին ենք։ Այդ դեպքում ստացվում է, որ լուծման նախաշեմին է Արցախի հարցը, որի լուծումն այսօր համարժեք է հայկական կողմի կապիտուլյացիային։ Բանն այն է, որ սահմանը բացող սուբյեկտը Թուրքիան է, և մենք պետք է լսենք թուրքական կողմի հայատարարությունները և եզրակացությունները կատարենք ըստ այնտեղից եկող տեղեկատվական հոսքերի։ Էրդողանը նախորդ կիրակի ևս մեկ անգամ հայտարարեց, թե սահմանը բացելու միակ տարբերակն այն է, որ Արցախի հարցը լուծվի (հասկանալի է, թե ինչպես)։ Մյուս կողմից էլ մենք ունենք Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ըստ որի՝ Արցախի հարցի լուծումից դեռ շատ հեռու ենք։ Հետևաբար՝ Թուրքիա մեկնելը բացատրել նրանով, թե մենք սահմանների բացման նախաշեմին ենք, նշանակում է 2 բան. ա) կա՛մ Արցախի հարցն է մոտենում լուծմանը, և Սարգսյանը դա առայժմ թաքցնում է հանրությունից. հետևաբար, մենք իրոք գտնվում ենք սահմանների բացման նախաշեմին, բ) կա՛մ էլ Սարգսյանը ճիշտ է ասում, թե Արցախի հարցի արագ լուծումից մենք հեռու ենք. հետևաբար, չենք կարող գտնվել հայ-թուրքական սահմանի բացման նախաշեմին, քանի որ Էրդողանն ասել է բացման ալգորիթմը։ Արցախի մասով պետք է հիմք ընդունել Սարգսյանի ասածները, քանի որ հող հանձնել-չհանձնելը հայկական կողմի ձեռքին է, բայց Թուրքիայի սահմանի բացման մասով պետք է արդեն լսել Էրդողանին, քանի որ բացել-չբացելը թուրքական կողմի ձեռքին է։ Եզրակացություն. Սերժ Սարգսյանը Թուրքիա է մեկնում, և նա այդ անում է ակամայից՝ գերի դառնալով սեփական նախաձեռնողականությանը և հանգամանքների բերումով։ Հանգամանքներ, որոնց վրա նա կորցրել է իր ազդեցությունն այն պահից, երբ սեփական նախաձեռնությամբ սկսեց «ֆուտբոլ» խաղալ Թուրքիայի հետ։ Սերժ Սարգսյանը հիմա դարձել է ֆուտբոլի շարքային երկրպագու, և մյուս երկրպագուներից նրա տարբերությունն այն է, որ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի տոմսի համար չի վճարում, մրցամարտին էլ մի փոքր ավելի հարմարավետ տեղից է հետևում։ Ո՛չ ավելին։ Հա, չմոռանամ. մե՛կ էլ թուրքական քյաբաբ է ուտելու, որից դժվար թե մարզադաշտ այցելած մյուս մասնակիցներն օգտվեն։ Ի դեպ, լուրեր տարածվեցին, որ հայկական կողմն այդ քյաբաբից հրաժարվել է։ Շատ «ազգային» մոտեցում էր։ Այսքանով էլ ավարտվեց մեր ֆուտբոլային ռեպորտաժը, որը վարում էին բոլորը, բացի ֆուտբոլասեր մեր նախագահից։ Անդրանիկ Թևանյան Հ.Գ.։ Էրդողանի խոսքերից հետո սարգսյանական վարչախումբը հիմա ստիպված «հայրենասիրություն» է խաղալու։ Իրենք էլ են հասկացել, որ ֆուտբոլային դիվանագիտությունն անփառունակ վախճան է ունեցել, և սկսելու են առիթ-անառիթ խոսել ցեղասպանությունից ու հող չհանձնելուց։ Այդ ընթացքում ամբողջ աշխարհում դադարելու է ցեղասպանության միջազգային ճանաչումը, իսկ Արցախի մասով ահավոր ճնշումներ են սպասվում։ Այնպես որ, պալատական և մերձպալատական սազանդարներին հուշեմ, որ հիմա եկել է «Թուրքը մնում է թուրք» քարոզի փուլը։ Պնակալեզները, քծնանքի հաստիքային ու արտահաստիքային մասնագետները լավ կանեն՝ ֆիդայական երգեր սովորեն, որովհետև արդեն մոդայից դուրս են գալու «Միայն բաց սահմանով կարող ենք 21-րդ դարին հարիր կյանքով ապրել» կամ «Այսօրվա թուրքն առաջվանը չէ» ձևակերպումները։ Այս դեպքում հաճելին կարելի է օգտակարի հետ համատեղել. հա՛մ «ազգային» կերևան, հա՛մ էլ «կոռմը» տեղը կլինի։ Չնայած «ազգայինի» մասով ֆինանսավորումը միշտ էլ քիչ է եղել, քան քիրվայականի, բայց դե՝ կյանք է, մեկ էլ տեսար՝ էլի քիրվայական փուլ եկավ, ու վարձատրությունը շատացավ։ Մի խոսքով, ձե՛զ տեսնենք, քծնողնե՛ր։ Մի խորհուրդ էլ իշխանական PR-շչիկներին. հանկարծ «հայրենասիրական» քարոզի ժամանակ նույն մարդկանց չօգտագործեք։ Ես հասկանում եմ, որ ռեսուրսները սահմանափակ են, քանի որ «քիրվայական պռիստուպների» ժամանակ անհեռատեսորեն ու անխնա օգտագործվեցին բոլորը, բայց, ամեն դեպքում, ձևական կողմը պահել է պետք։ Փնտրե՛ք և կգտնեք։ Հ.Գ.-2։ Երեկ Արշակ Սադոյանին տեսա հեռուստատեսությամբ։ Ասեմ ձեզ, որ հանրային խորհրդում, հավանաբար, վատ չեն կերակրում, ու դեռ մի բան էլ մնում է, քանի որ Սադոյանը վերջապես նոփ-նոր կոստյում էր հագել, մազերը կոկիկ հարդարված էին, իսկ փողկապը դեռ չէր հասցրել լաքայոտվել։ Հալա՛լ է Սերժ Սարգսյանին։ Վերջապես, մազութի հոտը Սադոյանի վրայից անցավ։ Ասեմ նաև, որ Սադոյանի նույնիսկ վերնաշապիկն էր նոր, քանի որ կրկին լաքայի հետքեր չնկատեցի։ Սադոյանի կերպարի մեջ այլևս չկար ԱԺՄ-ական «պաթոսը»։ Հիմա արդեն Սադոյանը կարող է «ամուսնանալ» և «պլատինե ատամներ ունենալ»։ Միակ իսկական ԱԺՄ-ական ու իր մտածողությանը չդավաճանած մնաց կուսակցության վերնախավը ներկայացնող Լյուդվիգ Խաչատրյանը, ով օրերս հայտարարեց, որ դուրս է գալիս ԱԺՄ-ից՝ պայմանավորված հայ-թուրքական ներկա գործընթացի շուրջ իր ունեցած դիրքորոշմամբ։ Շարքային ԱԺՄ–ականներն էլ ենթադրում եմ, որ դիսկոմֆորտի մեջ են։ Սա էլ ձեզ ԱԺՄ-ի ճակատագիրը։ Իսկ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել. համաշխարհային ազգ, կորչի՛ քիրվայությունը, ազգային արժանապատվություն և այլն։

No comments: