Thursday, October 1, 2009

Փիթեր Սեմնեբի. ԵՄ ողջունում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ համաձայնությունը

/PanARMENIAN.Net/ 30.09.2009 - Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հույս ունի, որ մինչեւ տարվա վերջ կոնկրետ արդյունքներ ձեռք կբերվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: «Եվրոպական միությունը օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների աշխատանքը եւ ողջունում է կողմերի` գնալով ակտիվացող ջանքերը դիրքերի գնալով ակտիվացող մերձեցման շուրջ»,- ասվում է Սեմնեբիի` Ադրբեջան կատարած այցի ամփոփիչ մամլո հաղորդագրության մեջ: Սեմնեբին այցով Բաքվում էր գտնվում երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին: այցի ընթացքում կայացավ Փիթեր Սեմնեբիի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այցի ընթացքում շոշափվել է թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման հարցը եւ այդ գործընթացի հետեւանքները Ադրբեջանի համար: «ԵՄ ողջունում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ համաձայնությունը, որպեսզի ներքին խորհրդատվություններ սկսվեն երկկողմ Արձանագրությունների շուրջ: Բոլոր սահմանների բացումը կնպաստի խաղաղությանը, անվտանգությանը եւ կայունությանը եւ տարածաշրջանին թույլ կտա լիարժեք զարգացնել սեփական տնտեսական պոտենցիալը»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:

No comments: