«ԱԶԳ», 01-10-2009- Անցյալ կիրակի Գերմանիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում աջ կենտրոնամետ ուժերի իշխանության ամրապնդումը եւ կանցլեր Անգելա Մերկելի հաղթանակը, ըստ երեւույթին, վերջ են դնում Եվրոմիությանն անդամակցելու Թուրքիայի հույսերին:
Լոնդոնի «Դեյլի թելեգրաֆ» թերթը սեպտեմբերի 30-ին գրում է, որ կանցլեր Մերկելը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Անկարայի ԵՄ անդամ դառնալու հարցում Գերմանիայի քաղաքականությունը «վերանայվում» է: Թերթի կարծիքով, Գերմանիայի ընտրություններում գլխավոր պարտվողը Թուրքիան էՙ իր եվրոպամետ հավակնություններով:
Բրիտանական թերթը հիշեցնում է, որ անցյալում Գերմանիան չէր բացառում Թուրքիայի հաշվին դեպի արեւելք Եվրոմիության ընդլայնման հնարավորությունը: Բեռլինի քաղաքականության մեջ ներկայիս շրջադարձը տեղի է ունեցել Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Գիդո Վեստերվելլեի կոշտ դիրքորոշման պատճառով: Սպասվում է, որ Մերկելի այդ դաշնակիցը Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարությունում կզբաղեցնի արտգործնախարարի պաշտոնը:
Վեստերվելլեն արդեն հայտարարել է, որ ինքը Թուրքիային ԵՄ ընդունելու հիմքեր չի տեսնում, քանի որ այդ երկրի տնտեսությունը «չի կարողանա մերվել» միության մյուս երկրներին: Այժմ Գերմանիան փաստորեն միանում է Ֆրանսիայի դիրքորոշմանը, որը մոտ ապագայում Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու հնարավորություն չի տեսնում:
Thursday, October 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment