Thursday, October 1, 2009

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ Է

Panorama.am 30-9-2009- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համամիտ չէ այն տեսակետներին, թե հայ-թուրքական սահմանի բացմանը հետևելու է Թուրքիայի տնտեսական էքսպանսիան: Այս մասին նախագահը հայտարարեց այսօր` Հանրային խորհրդի ընդլայնված կազմի հետ հանդիպման ժամանակ: «Ես չեմ կիսում այդպիսի կարծիք: Բացի նրանից, որ զուտ այսպես, տեսականորեն չեմ կիսում, նաև` պրակտիկայում: Ես զրուցել եմ բազմաթիվ գործարարների հետ։ Նրանք ինձ միայն ու միայն ուղղակի մի բան են ասել, որ մեր շուկան 3 մլն–անոց է, իսկ Թուրքիայի շուկան՝ 70 մլն–անոց։ Մենք առնվազն 23 անգամ ավելի մեծ հնարավորություններ ենք ստանում, քան թուրքերը։ Եվ եթե այս պարագայում թուրքերն ավելի լավ կգործեն, ուրեմն իրենք հաղթելու իրավունք ունեն»,– հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Տնտեսական խնդիրների առնչությամբ մտահոգություն արտահայտողներին նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ փոխադարձ առևտուրն ու տնտեսական համագործակցությունը կառուցվում ու կառուցվելու են խաղի կոնկրետ կանոններով: «Այս բոլոր հարցերը կարգավորվում են: Կարգավորվում են օրենքով։ Դրա անհրաժեշտությունը կտեսնենք, օրենքով կկարգավորենք։ Թուրքիան հանդիսանում է եվրոպական մաքսային միության անդամ»,- ընդգծեց նախագահը` նշելով, որ ի վերջո Թուրքիան միայնակ նոր կանոններ սահմանել չի կարող:

No comments: