Wednesday, November 18, 2009

Հայաստանից Թուրքիա մեկնողների 65-70%-ը կանայք են

Panorama.am. 18-11-2009- Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԵՊՀ հայագիտության կենտրոնի գիտաշխատող Քեյթ Գունդակչյանը, ով «Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող» կազմակերպության հետ բազմաթիվ անգամներ եղել է Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում, հայտնեց, որ լավատեղյակ է Թուրքիայի հայ համայնքի խնդիրներին: «Հիմնականում հայ համայնքն ապրում է Պոլսում` Ստամբուլում: Նրանց թվերը բավական տատանողական են` մի մասն ասում է 100 հազար է, իսկ մյուսն էլ` 30 հազար»,-ասաց Ք. Գունդակչյանը: Բանախոսը նշեց, որ Պոլսո պարտրիարքարանում, իրեն հայտնել են` 60-70 հազար տեղաբնակ հայեր կան, իսկ Հայաստանից գնացած հայերի համար նշել են 30-40 հազ: Տվյալները 2008թ.-ի սեպտեմբերին են վերաբերում, երբ բանախոսը վերջին անգամ է եղել Թուրքիայում: Ինչ վերաբերում այլ թուրքական քաղաքներում ապրող, հայաստանից վերջին ժամանակներս գնացած հայերին, ապա բանախոսը նրանց մասին տեղյակ չէր: «Նոր գնացողների մոտ 65-70%-ը կանայք են, մնացյալները` տղամարդիկ: Հիմնականում այս կանայք աշխատում են հայ մեծահարուստների տներում կամ էլ հյուրանոցների խոհանոցներում: Հիմնականում ցածր աշխատանք են կատարում: Բարձրագույն կրթություն ունեցողներից 2 հոգու հանդիպեցի, որոնց թույլ չէին տվել դպրոցում ուսուցիչ աշխատել. նրանցից մեկը քարտուղարուհի էր աշխատում կենտրոնական վարժարանում. նա 12 տարվա մանկավարժի աշխատանքային փորձ ուներ Երևանում»,-ասաց Քեյթ Գունդակչյանը:

No comments: