Tuesday, November 17, 2009

Օտարերկրյա ընկերություններն իրենց փողերը տանում են Ադրբեջանից

ԱՅՍՕՐ 16,11,2009 - Ադրբեջանի արժեթղթերի գծով պետական կոմիտեի նախագահ Ռուֆաթ Ասլանլըն 2009 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արժեթղթերի շուկայի զարգացման վերաբերյալ կազմակերպված մամուլի ասուլիսում հայտնել է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամն Ադրբեջանի տնտեսության վրա ազդել է, հիմնականում, երեք ուղղությամբ: Ըստ «Ազադլիգի», նրա խոսքերով, նվազել է գլոբալ սպառման պահանջը, իրացվելիության անբավարարություն և հոգեբանական դժվար իրավիճակ է առաջացել: Ռ. Ասլանլըն ասել է, որ ընթացիկ տարում օտարեկրյա ներդրողներն Ադրբեջանի արժեթղթերի շուկայից 100 մլն դոլար ֆինանսական միջոցներ են հետ կանչել, ինչը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել երկրի ֆոնդային շուկայի վրա: «Մուսավաթին» էլ հայտնի է դարձել, որ Ադրբեջանից իրենց փողերը հանում են նաև բազմաթիվ ադրբեջանցի մեծահարուստ պաշտոնյաներ: Ըստ թերթի, վերջին ամիսներին Ադրբեջանից հարյուր միլիոնավոր դոլարներ արտասահման փոխադրած հարուստների ցուցակը իրավապահ մարմիններից մեկի ղեկավարը ներկայացրել է երկրի նախագահի ամենամոտ օգնականին: Թերթին հայտնի է դարձել, որ ներկայում Ռուսաստանի փոխարեն, ադրբեջանցի մեծահարուստ պաշտոնյաներն իրենց փողերը տեղափոխում են Թուրքիայի և Ֆրանսիա` զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսի բնագավառ: Վերջին 6 ամիսներին ադրբեջանցի պաշտոնյա օլիգարխների մերձավորները Ֆրանսիայի Նիցցա քաղաքում 100 մլն-ից ավելի ներդրումներ են կատարել, իսկ Թուրքիայում` դրանից 10 անգամ ավելի շատ: Թերթը գրել է, որ բիզնեսը Ադրբեջանից դուրս բերող մարդկանց մեծամասնությունը դա բացատրում է երկրում տնտեսության անկայուն վիճակով և Բաքվում նրանց կապիտալին սպառնացող վտանգներով: Այժմ պետք է սպասել, թե ինչպես են իշխանությունները վարվելու այդ մարդկանց հետ, գրել է թերթը:

No comments: