«Ազատություն» 17-11-2009- Լեռնային Ղարաբաղ ժամանած` Ստամբուլում լույս տեսնող «Աքշամ» թերթի լրագրող Նագեհան Ալչեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց մամուլում վերջին երկու օրերին տարածված` իրեն վերագրվող հայտարարությունը:
Ալչեի հավաստմամբ` ինքը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում չի ասել, որ Լեռնային Ղարաբաղը «բացառապես, հարյուր տոկոսանոց հայկական տարածք է»: «Ես ասել եմ, որ այսօր սա հայկական հող է, հայկական երկիր է, հայկական կառավարություն է, որովհետեւ այստեղ մոտավորապես հարյուր տոկոսը հայեր են ապրում», - նշեց թուրք լրագրողը` պնդելով, թե տեղական հեռուստաընկերությունը չի ներկայացրել իր խոսքերում ամենակարեւոր բառը` «հիմա»-ն, եւ չի ընդգծել, թե լրագրողը որ ժամանակն է օգտագործել տարածքների մասին խոսելիս:
«Ես ասել եմ, որ եկել ենք տեսնենք, թե ինչ է կատարվում այստեղ, ու այդ մասին զեկուցենք: Ու իմ կարծիքով, ինչ որ մենք տեսել ենք` այսօրվա դրությամբ այս տարածքները հայկական տարածքներ են այն իմաստով, որ այստեղ կառավարությունը հայկական է ու բնակչության մոտավորապես հարյուր տոկոսը հայեր են: Հետեւաբար, չնայած սա չճանաչված` բայց այսօրվա դրությամբ հայկական կառավարություն է», - շեշտեց Նագեհան Ալչեն:
Արցախի հանրային հեռուստաընկերությունից տվյալ ռեպորտաժի պատճենը ստանալու` «Ազատություն» ռադիոկայանի փորձերը առայժմ արդյունք չեն տվել:
Tuesday, November 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment