Tuesday, November 3, 2009

ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդը դիմել է Հիլարի Քլինթոնին՝ հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ

NEWS.am 03.11.2009 - am ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ, Նեւադա նահանգը ներկայացնող սենատոր Հարրի Ռիդը հոկտեմբերի 20-ին նամակով դիմել է երկրի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ ներկայացրել նահանգի հայ համայնքի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վերաբերյալ, որ ստորագրվել են հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում: Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA):Պետքարտուղարին հղած նամակում մասնավորապես ասված է. «Մեծարգո տիկին Քլինթոն: Գրում եմ Ձեզ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Գիտեմ, որ Դուք անձամբ մասնակցել եք այդ գործում եւ շատ եմ գնահատում Ձեր գործողությունները: Համոզված եմ, որ գիտեք, թե արձանագրություններն անհանգստություն են առաջացրել Միացյալ Նահանգների հայ համայնքի շրջանում: Ես շատ նամակներ եմ ստացել Նեւադա նահանգի բնակիչներից, որոնցում նրանք իրենց դժգոհությունն են հայտնում արձանագրությունների համատեքստում ստեղծվելիք, հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրող պատմական փաստերի եւ արխիվների ուսումնասիրման միջկառավարական հանձնաժողովի վերաբերյալ: Նրանք համարում են, որ այդ փաստաթղթերն անարդար են: Հաշվի առնելով հայ համայնքի անհանգստության ողջ լրջությունը, ես անհրաժեշտ համարեցի դրանով կիսվել Ձեզ հետ: Միջկառավարական հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը հայ համայնքի համար նուրբ թեմա է, քանի որ Թուրքիան երբեք չի ճանաչել Ցեղասպանության փաստը»:

No comments: