ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
«Լրագիր» 02/11/2009 - Օրերս, Երկիր մեդիա հեռուստաընկերության լրատվական թողարկումներից մեկում, մի ռեպորտաժ էր պատրաստվել, որը վերաբերում էր “Ավստրիական ավիաուղիներ” ընկերության գովազդին: Դրա մեջ օգտագործվել էր Ջերմուկ քաղաքի մի վահանակ, ռուսերեն տառերով, խորհրդային ժամանակաշրջանի, որի վրա ժանգը ջնջել էր արդեն տառերի մի մասը: Այդ ճանապարհային վահանակի լուսանկարն “Ավստրիական ավիաուղիներն” օգտագործել էին իրենց գովազդի համար: Թե հատկապես ինչ բովանդակությամբ, էական չէ: Փաստն այն է, որ “Ավստրիական ավիաուղիներն” իրենց գովազդի համար հրապարակել էին Ջերմուկի ճանապարհային ժանգոտ վահանակը: Ռեպորտաժի հեղինակ լրագրողը արդարացիորեն նկատել էր խնդիրը եւ բարձրացրել հարցը, թե որքանով է ճիշտ, որ մի սուբյեկտը ինքն իրեն գովազդի մեկ այս սուբյեկտի` տվյալ դեպքում քաղաքի հակագովազդի հաշվին: Լրագրողը նկատել էր, որ Ջերմուկի այդօրինակ վահանակի լուսանկարը դիտողի համար քաղաքի մասին վատ պատկերացման հիմք է, ինչը կարող է դիտողի մոտ սպանել Ջերմուկ այցելելու ցանկությունը, կամ ընդհանրապես Հայաստան այցելելու ցանկությունը: Եթե այդ վահանակը գոյություն ունենար մինչ այժմ, ապա ամեն ինչ կլիներ հասկանալի եւ անվիճելի` իրականություն է, պատկերել են: Սակայն ավստրիական ավիաընկերությունն այդ լուսանկարը հանել էր տվյալների արխիվից: Այդ ցուցանակն այժմ չկա, դա խորհրդային տարիների ցուցանակ էր: Ավստրիական ընկերությունը ներողություն էր խնդրել կատարվածի համար եւ հավաստիացրել, որ իրենց այդ գովազդը կհանվի միջազգային շրջանառությունից: Թվում է, թե լրագրողական նախաձեռնությունը ծառայել է իր նպատակին, խնդիրը հարթվել է, ռեպորտաժը կատարել է իր դերը:
Բայց, լուրերի թողարկումից անմիջապես հետո, ռեպորտաժից բառացիորեն րոպեներ անց, երբ հեռուստադիտողը դեռ գտնվում էր Ջերմուկի պաշտպանության տպավորության տակ, եթեր է հեռարձակվում մի սոցիալական հոլովակ, որտեղ խոսվում է Հայաստանի տնտեսության պաշտպանության մասին: Այդ հոլովակում ինչ որ մի ձայն, որը կադրի “հետեւում” է, ինչ որ մի կապիկի հետ բլից հարցազրույց է վարում. “Կոբուլեթի հանգստանալու կգնաս. Այսինչական ծխախոտ կծխես, այնինչական կոնֆետ կուտես”, եւ այդպես շարունակ: Կապիկը բոլոր հարցերին տալիս է բացասական պատասխան, բայց դեմքի տարբեր արտահայտություններով, որոնք կարելի է համարել մեղմ ասած կապկային հեգնանք կամ արհամարհանք տվյալ երկրների հասցեին, որոնց արտադրանքից կամ ծառայությունից կապիկը հրաժարվում է ոմն անծանոթի հետ բլից հարցազրույցի ընթացքում:
“Օտարամոլությունը քայքայում է հայրենի տնտեսությունը”, կապիկի պատասխաններն ի մի են բերում հոլովակի հեղինակները, այդպիսով պաշտպանելով հայրենի տնտեսությունն օտարամոլությունից: Բնականաբար հարց է առաջանում, թե ինչով է այդ հոլովակը տարբերվում “Ավստրիական ավիաուղիների” գովազդից: Եթե նրանք Ջերմուկի իմիջի հաշվին էին իրենց գովազդում, ապա մենք էլ արտասահմանյան երկրների հաշվին մեր տնտեսությունն ենք գովազդում: Եվ այդ ամենն արվում է “Ավստրիական ավիաուղիների” քայլը դատապարտելուց րոպեներ անց: Բայց դա միայն Երկիր մեդիան չէ, որ պտտում է իր եթերում: Պարզապես կոնտրաստը հենց այդ հեռուստաալիքի եթերում էր նկատելի, քանի որ իրար հաջորդեցին ռեպորտաժն ու հոլովակը, որոնցից առաջինում դատապարտվում էր այն, ինչն ըստ էության հենց մենք թույլ ենք տալիս մեզ հոլովակում:
Արդյոք դա կարող է ունենալ դրական արդյունք: Հազիվ թե: Սեփական տնտեսությունը գովազդելու համար պետք է ոչ թե կապիկի դեմքով փնովել այլոց տնտեսական հնարավորությունները, այլ սպառողին ներկայացնել հնարավորինս որակյալ եւ հնարավորինս էժան արտադրանք: Սպառողը հոլովակներով չէ, որ առաջնորդվում է, այլ սեփական քիմքի եւ գրպանի զգացողությամբ: Եթե մարդիկ օրինակ Կոբուլեթի են գնում հանգստանալու, ապա ոչ թե այն պատճառով, որ Վրաստանի տնտեսությունն են սիրում կամ օտարամոլ են, այլ որովհետեւ օրինակ Ծաղկաձորում կամ Սեւանում մեկ օր հանգստանալու փողով Կոբուլեթիում կհանգստանան երեք-չորս օր, կամ նույնիսկ մեկ շաբաթ: Եվ եթե կապիկն այդքանը չի հասկանում, ապա մարդը հասկանում է հաստատ: Այնպես որ, պետք չէ կապիկի տրամաբանությամբ հայրենի տնտեսություն գովազդել:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Monday, November 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment