Wednesday, November 18, 2009

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆԻՆ ՀԱՋՈՐԴԵԼՈՒ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ

«ԱԶԳ» 18.11.2009 - Ըստ «Արեւմտահայերի հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանի ՙ տարածաշրջանի սահմանների հարցն առանձին-առանձին չի դիտարկվում, այլ համապարփակ է. «Մեկ հարցի լուծումը կախված է մեկ այլ հարցից, օրինակ, Վերին Լարսի անցակետի բացման հարցը չէր առաջանա, եթե չլինեին հայ-թուրքական սահմանի բացման գործընթացները», երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբում հայտարարեց պարոն Ալվրցյանը: Ըստ բանախոսիՙ հենց հայ-թուրքական գործընթացները ստիպեցին Վրաստանին ավելի լուրջ մոտենալ այս խնդրին. «Ռուսաստանի համար նույնպես շատ կարեւոր է Լարսի անցակետի բացումը, եւ այսօր բոլոր կողմերն էլ հասկանում են հարցի կարեւորությունը` նստելով բանակցությունների սեղանի շուրջը», նկատեց Ալվրցյանը: Նա նաեւ նշեց, որ այսօր Վրաստանը փորձում է հարաբերությունները վերականգնել Ռուսաստանի հետ: Բանախոսը սա պայմանավորում է նրանով, որ, նախ, Ռուսաստանը վրացական գյուղատնտեսական ապրանքների վրայից հանել է արգելքները, երկրորդ` Ռուսաստանը դադարել է տարածաշրջանում «թելադրող» լինել: «Վրաստանն այսօր հասկացել է, որ Հայաստանին այլեւս չի կարող թելադրել,- նկատեց պարոն Ալվրցյանը,- նրանք նաեւ հասկացել են, որ ապագայի իրատեսական Իրան-Հայաստան երկաթուղին նպաստավոր է նաեւ իրենց: Իսկ որ Վերին Լարսի շուրջը բանակցություններին ակտիվորեն մասնակցում է նաեւ Հայաստանը` նույնիսկ նախաձեռնողի դերով, դա խոսում է այն բանի մասին, որ Վրաստանը հաշտվել է տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի հետ»: Իսկ այդ նոր իրավիճակը, ըստ Ալվրցյանի, տարածաշրջանում ստեղծվեց անցյալ տարվա ռուս-վրացական պատերազմից հետո, երբ հայ-թուրքական սահմանի բացումը Արեւմուտքի համար դարձավ գերխնդիր. «Եթե չբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը, ապա դա կնշանակի արեւմտյան քաղաքականության ձախողում, սա էլ իր հերթին կբերի Վրաստանի դերի որոշակի բարձրացմանը, քանի որ այժմ վրացիները միայն կոմունիկացիոն «մենաշնորհից» են զրկվում, մինչդեռ շարունակում են մնալ տարածաշրջանի «երես առած երեխան»», նկատեց բանախոսը: Ըստ պարոն Ալվրցյանիՙ հայ-թուրքական ներկա գործընթացները տանում են նրան, որ եկող տարի արդեն բանակցություններ կտարվեն հայ-ադրբեջանական սահմանի բացման ուղղությամբ. «Ընդ որումՙ սրա համար մենք անչափ ծանր գին ենք վճարելու, համենայն դեպս մադրիդյան սկուզբունքները դա են վկայում: Տարօրինակն այն է, որ եթե Թուրքիան ուզում է հասկանալ, թե ի՞նչ է ստանալու սահմանների բացումից հետո, ապա Հայաստանը ուզում է հասկանալ, թե ի՞նչ է տալու դրա համար», կարծիք հայտնեց պարոն Ալվրցյանը: Նա նաեւ շեշտեց, որ անթույլատրելի է Արցախի հարցում զիջումներ անել, քանի որ դրանով վտանգված կլինի նաեւ հայոց պետականությունը. «Պետք է նկատենք, որ այս գործընթացների մեջ մենք մեր իշխանությունների կամքով չենք հայտնվել, բայց կարող ենք առաջնորդվել այդ կամքով, եթե այն լինի: Անհնար է որեւէ երկրի իշխանությանը բան պարտադրել, եթե այդ իշխանությունը հիմնված է սեփական ժողովրդի վրա եւ հետապնդում է ազգային շահ», եզրափակեց Ալվրցյանը:

No comments: