Thursday, November 19, 2009

Բաքուն ձգտում է Անկարային փոխարինել նոր գործընկերներով

Panorama.am. 19-11-2009- Ադրբեջանի` վերջին շրջանում Ռուսաստանի, Իրանի և Բուլղարիայի հետ կնքած գազի տարանցման պայմանագրերը, լուրջ ազդակ էին` ուղղված Թուրքիային: Նման կարծիք է հայտնվել ամերիկյան վերլուծական կենտրոններից մեկի հրապարակած «Eurasia Daily Monitor» պարբերականում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի էլ-կայքը: Նշվում է, որ Ադբեջանը գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ է փնտրում: Հիշեցվում է, որ հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով Բուլղարիայում գտնված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե իրենք ցանկանում են տարբեր ուղղություններով արտահանել իրենց էներգակիրները: Այդ ժամանակ էլ կնքվեց Սև ծովից ադրբեջանական գազն արտահանելու մասին բուլղար-ադրբեջանական պայմանագիր: Այնուհետև Բաքուն նմանաբնույթ պայմանագրեր կնքեց նաև Թեհրանի և Մոսկվայի հետ: Արևմտյան փորձագետների կարծիքով` նման զարգացումները պետք է դիտել որպես Բաքվի` Անկարայից ունեցած նավթագազային տարանցիկ կախվածությունը նվազագույնի հասցնելու փորձեր: «Մի ժամանակ Ադրբեջանը ռազմավարական գործընկեր Թուրքիային դիտում էր որպես ամենահուսալի տարացման գոտի: Այդպիսով Բաքուն կարողացավ որոշակիորեն նվազեցնել Ռուսաստանից ունեցած իր կախվածությունը: Այդ ռազմավարական տեսլականի արդյունքում անցկացվեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսիս-Էրզրում գազատարները: Ավելի ուշ այդ գազատարները հզորացնելու նպատակով քարոզվեց Բաքու-Կարս երկաթգծի կառուցման մասին և նոր քայլեր կատարվեցին ադրբեջանական Շահդենիզ հանքավայրից ադրբեջանական գազը Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա մատակարարելու բանակցություններում»,- գրում է ամերիկյան պարբերականն ու ընդգծում, որ հենց այդ կետում էլ կանգ առավ թուրք-ադրբեջանական համագործակցության առաջխաղացումը: Թուրքիան և Ադրբեջանն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ Շահդենիզի ավազանից գազի տարացման պայմանների ու մասնավորապես գնի շուրջ: Բաքուն հավանության չարժանացրեց ադրբեջանական գազի գնման և դրա տարանցման տուրքաչափի վերաբերյալ Անկարայի առաջարկները:

No comments: