Wednesday, November 18, 2009

Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Ֆրանսիայում մի թուրք աշակերտ է պատժվել

Panorama.am 18.11.2009 - Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը մերժելու համար Ֆրանսիական լիցեյներից մեկում սովորող 13-ամյա մի թուրք աշակերտ Մուստաֆա Դողանը երկու օրով հեռացվել է դպրոցից: Այս մասին մանրամասն տեղեկություններ է հաղորդում թուրքական «Հուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթը: Ֆրանսիայի և Գերմանիայի սահմանամերձ Նենսի քաղաքի լիցեյներից մեկում Մուստաֆան` թուրքական ծագում ունեցող հինգ այլ աշակերտների հետ` մասնակցելով Հայոց ցեղասպանության շուրջ ծավալված քննարկմանը, մերժել է պատմական այդ իրողությունը: Ոսուցիչն էլ Մուստֆային և նրա ընկերներին անմիջապես հեռացրել է դասասենյակից: Այնուհետև այդ հարցը տեղափոխվել է պատմության դասաժամ: Ինքնատիրապետումից զուրկ թուրք աշակերտը, չկարողանալով սպառիչ պատասխաններ տալ ուսուցչին նյարդայնացած արձագանքել է. «Հայերին ցեղասպանության չեն ենթարկել, եթե արել են, ուրեմն դրան արժանի են եղել»: Դրանից բարկացած ուսուցիչը պատժել թուրք աշակերտին: Պատիժը եղել է այն, որ Մուստաֆան երկու օրով հեռացվել է դպրոցից: Այդ ընթացքում նրանից պահանջվել է կատարել տնային հանձնարարություն` «Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանություն. Մարդկության դեմ ուղղված հանցագործություն» վերնագրով: Մուստաֆայի ծնողները դեմ են, որ իրենց որդին կատարի այդ հանձնարարությունը: Նրանք նույնիսկ դիմել են Ֆրանսիայում գործող թուրքական հասարակական մի կազմակերպության «COJEP» օգնությանը: Թուրք աշակերտին պատժած ուսուցիչ Ֆրանչոիշ Վինգոլան դեպքի առնչությամբ պարզաբանումներ է տվել «Hurriyet»-ին` ասելով. Մուստաֆայի արած «ուրեմն արժանի են եղել ցեղասպանության» արտահայտությունն անընդունելի է ու հակամարդկային: «Մեր արածն ընդամենը մանկավարժական մի քայլ էր` Մուստաֆային կարգի հրավիրելու համար: Ուրիշ ոչ մի խնդիր չկա»,- ասել է ուսուցիչը: Նշենք, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած և դատապարտած պետություններից մեկն է: 2006թ. հոկտեբերին Ֆրանսիայի Ազգային Ժողովը 106 կողմ և 19 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծ: Օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը պետք է հաստատվի Ֆրանսիայի Սենատի կողմից և ստորագրվի նախագահի կողմից: Այդ օրինագիծը 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք է նախատեսում Հայոց ցեղասպանության փաստը ժխտողների համար:

No comments: