Wednesday, November 18, 2009

ԱԶԱՏ ԽՈՍՔԸ ՃՆՇԵԼՈՒ ՆՈՐ ԳՈՐԾԻՔ

Lragir.am 18.11.2009 - Ժառանգություն խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ԱԺ նոյեմբերի 17-ի նիստում անդրադարձել է Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի փոփոխությանը, որով մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը կասեցվեցին հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթները` պատճառաբանելով հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթացը: “Մեկ տարի առաջ կառավարությունը, հրատապ համարելով այն, Ազգային ժողովից պահանջեց մեկ օրում 2 ընթերցումով ընդունել վերոնշյալ փոփոխությունը` չունենալով ոչ թվայնացման ռազմավարության հայեցակարգը, ոչ ծրագրի տնտեսական հիմնավորում, ոչ ֆինանսավորման աղբյուրներ: Հայեցակարգն ընդունվել է 1 տարի 2 ամիս հետո` ընդամենը սույն թվականի նոյեմբերի 12-ին, իսկ տնտեսական հիմնավորման եւ ֆինանսավորման վերաբերյալ դեռեւս ոչ մի փաստաթուղթ հայտնի չէ: Փետրվարին Ժառանգության կողմից ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում էր չեղյալ համարել վերոնշյալ փոփոխությունը, սակայն կառավարության ներկայացուցչի առաջարկությամբ մի քանի անգամ հետաձգվելուց հետո այն, ի վերջո, գլխադասային հանձնաժողովի կողմից մերժվեց 2009-ի նոյեմբերի 11-ն: Փաստարկը Եվրոպայից հրավիրված փորձագետի զեկույցն էր: Տեղին է մեջբերել ԵԽԽՎ 1677 բանաձեւի 12-րդ կետը. “Ինչ վերաբերում է հեռարձակման արտոնագրերի բաց, թափանցիկ եւ արդարացի մրցույթի անցկացմանը, ապա վեհաժողովը հարկ է համարում հիշատակել հաճախականությունների տիրույթների վերաբերյալ անկախ վերլուծաբանի պատրաստած զեկույցի հիման վրա Հայաստանի իշխանությունների եւ Եվրոպայի խորհրդի միջեւ ընթացող քննարկումները: Վեհաժողովը վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ Հայաստանում թվային հեռարձակման ներդրման հետ կապված տեխնիկական գործոնները չպետք է օգտագործվեն նման մրցույթի անցկացումն անհարկիորեն ձգձգելու եւ այդ կերպ Ա1+ հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի ի կատար ածումը հետաձգելու նպատակով”: Կարծում եմ` թե ԵԽԽՎ-ն, թե իշխանությունը հաճախականությունների տիրույթների վերաբերյալ նույն անկախ վերլուծաբանի զեկույցն են վկայակոչում, սակայն, ինչպես տեսնում եք, այն իշխանությունների կողմից ներկայացվում է որպես հերթական գործիք` ազատ խոսքն ու բազմակարծությունը ճնշելու համար”, ասել է Անահիտ Բախշյանը:

No comments: