Wednesday, November 18, 2009

ԱԼԻԵՎԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԶԱՆԳԵԶՈՒՐԸ ԵՎ ԵՐԵՎԱՆԸ

report.am 18.11.2009 - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` մասնակցելով Բաքվում «փախստականների» համար նախատեսված շենքի բացման արարողությանը, վստահեցրել է մարդկանց, որ դա նրանց համար ժամանակավոր կացարան է: «Ադրբեջանական հողերի ազատագրումից հետո, մենք նման գեղեցիկ շենքեր կկառուցենք նաև ձեր հարազատ հողերի վրա, կվերակառուցենք քաղաքները: Բայց առայժմ օգտվեք այս գեղեցիկ շենքերից»:- ասել է Ադրբեջանի նախագահը: Նա նաև խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին:«Արդեն 15 տարի է, ինչ հաստատվել է զինադադարը: 15 տարի առաջ, ավելի ճիշտ` ավելի վաղ` 1992 թվականին ստեղծվեց Մինսկի խումբը: Մինսկի խումբը գործում է: Սակայն արդյո՞ք կան այդ գործունեության արդյունքներ: Ոչ: Դա իրականություն է: Մեզ ասում են` դիմացեք, բանակցություններ վարեք, խոսեք հայերի հետ: Մենք բանակցություններ ենք վարում, և որոշակի տեղաշարժեր կան: Ուզում եմ նաև ասել, որ բանակցությունների թեմայում արդեն նախատեսված է հայկական զորքերի դուսբերումը բոլոր հողերից` բոլոր յոթ շրջաններից: Միաժամանակ բանակցությունների թեմա է հանդիսանում ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Չնայած առաջ այդ մասին խոսք անգամ չէր գնում: Դա մեզ հուսադրում է: Մենք կարծում ենք, որ դեռ հույս կա: Բայց դրանով հանդերձ, մենք տեսնում ենք, որ հայկական կողմը ընտրել է ժամանակ ձգելու մարտավարությունը: Մերթ մեջտեղ են բերվում նոր թեմաներ, մերթ ուզում են վերանայել նախկինում համաձայնեցված հարցը»:- ասել է Ալիևը:Այնուհետև նա խոստացել է, որ Ադրբեջանը շարունակելու է ճնշում գործադրել, ամեն ինչ անել` հասնելու ցանկալիին:Ելույթի վերջում Ադրբեջանի նախագահն ասել է, որ չնայած այսօրվա Հայաստանը ստեղծված է ադրբեջանական հողերի վրա, «Իրեվանի խանությունը», «Զանգեզուրի մախալը» ադրբեջանական հողեր են, այնուամենայնիվ իրենք պաշտպանում են պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը:

No comments: