Thursday, November 19, 2009

ԵՄ նախագահի ամենահավանական թեկնածուն դեմ է Թուրքիայի ԵՄ անդամությանը

News.am. 19-11-2009 - Բելգիայի վարչապետ Հերման Վան Ռոմպեյը, ով համարվում է Եվրամիության նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն, դեմ է հանդես եկել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, դա բացատրելով նրանով, որ Թուրքիայի անդամակցությամբ խախտվում է Եվրոպայի քրիստոնեական ժառանգությունը: Այս մասին գրում է բրիտանական The Telegraph-ը: Հիշեցնենք, որ ԵՄ առաջին նախագահի ընտրությունները տեղի են ունենում այսօր` Բրյուսելում: Ռոմպեյը դեռեւս 5 տարի առաջ էր հայտարարել, որ անհնար է մահմեդական Թուրքիային թողնել, որ դառնա ԵՄ անդամ: «Թուրքիան Եվրոպայի մաս չէ եւ երբեք այդպիսին չի լինի: ԵՄ-ի ընդլայնումը չի կարող տեղի ունենալ Թուրքիայի անդամակցության ճանապարհով»,- ասել է նա ու կարծիք հայտնել, որ եվրոպական ունիվերսալ արժեքները, որոնք հիմնված են քրիստոնեության վրա, կվերանան, եթե ԵՄ անդամ դառնա այնպիսի մեծ մահմեդական երկիր, ինչպիսին Թուրքիան է: Հիշեցնենք, որ Թուրքիայի անդամակցության բանակցությունները սկսվել են 2005 թվականից, սակայն դրանց դեմ են դուրս եկել Ֆրանսիան ու Գերմանիան: Այդ երկրները առաջարկում են Անկարայի հետ տնտեսական համագործակցություն, որոշակի լիազորություններ, սակայն ոչ անդամություն:

No comments: