Thursday, November 19, 2009

Թուրքիայի իշխող կուսակցության պատասխանատուն պնդում է, թե իրենք ազգայնամոլություն չեն տարածում

News.am. 19-11-2009 - Թուրքիայի իշխող կուսակցության պատասխանատու պատգամավորը համարում է, որ Թուրքիայի հայտարարած ժողովրդավարացման նախաձեռնության մի կողմը արտասահմանն է, իսկ մյուսը Հայաստանի հետ խնդիրների կարգավորումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Degisimmedya կայքէջը։ Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության կազմակերպչական հարցերով պատասխանատու եւ Չորումից ընտրված պատգամավոր Ագահ Քաֆկասը մասնակցել է իրենց կուսակցության Զոնգուլդակի նահանգային համաժողովին եւ հանդես եկել Թուրքիայի իշխանությունների կողմից նախաձեռնած ժողովրդավարացման նախաձեռնությանը վերաբերող ելույթով։ «Թուրքիան Եվրամիության հետ հավասար պայմաններում բանակցություններ է վարում։ Թուրքիան աշխարհի կարեւոր դերակատարներից է։ Ընդդիմության մեղադրանքները, թե էթնիկ պառակտում ենք սերմանում՝ սազական չէ եւ տհաճ է։ Մենք էթնիկ ազգայնականությանը դեմ ենք։ Տարածաշրջանային ազգայնականության եւ կրոնական ազգայնականությանը դեմ ենք։ Անհրաժեշտ է, որ Թուրքիան ազատվի նման քարոզչություններից։ Այս ժողովրդավարացման նախաձեռնության մի ոտքը Թուրքիայի սահմաններից դուրս է, իսկ մյուս ոտքը՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրն է։ Աշխարհի որ մասը ուզում եք գնանք՝ կհանդիպեք թե հունական, թե հայկական լոբբիին։ Մի շարք երկրները այս ընթացքում ցանկացել են իրենց խորհրդարաններում ընդգրկեն ցեղասպանության հարցը, սակայն Թուրքիան ասում է. „Եկեք մեր արխիվները բացենք, նստենք խոսենք“։ Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ հարեւանների հետ»,-նշել է իշխող կուսակցության պատգամավոր Ագահ Քաֆկասը։

No comments: