7Օր.am. 2-11-2009- Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ ներկա է գտնվել Հայ առաքելական եկեղեցու թեմական ներկայացուցչական ժողովին:
Օգտվելով ընձեռված հնարավորութունից՝ ժողովի մասնակիցները նախագահին են ուղղել արդի կարևոր խնդիրների՝ մասնավորապես հայ-թուրքական երկխոսության, ստորագրված արձանագրությունների վավերացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցեր:
Սերժ Սարգսյանը, պարզաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն որևէ կերպ չի նշանակում հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերից: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ՀՀ-ն, որպես միջազգային հարաբերությունների համակարգի պատասխանատու դերակատար, մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած հանձնառությունների կատարմանը և պատրաստ է առաջ շարժվել ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն համաձայն՝ առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ: Նախագահն ասել է, որ ստորագրված արձանագրությունների վավերացումը և առանց նախապայմանների ու ողջամիտ ժամկետներում հարաբերությունների հաստատումը պաշտպանում է նաև լայն միջազգային հանրությունը: Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր սցենարների առնչությամբ Հայաստանն ունի իր ռազմավարական ու մարտավարական պատկերացումները, և համապատասխան զարգացումներից ելնելով՝ կձեռնարկվեն համարժեք քայլեր:
Անդրադառնալով հնչեցված մտահոգությանը, թե թուրքական կողմը փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, նախագահը մեկ անգամ ևս կրկնել է, որ այդ երկու գործընթացները որևէ ձևով միմյանց հետ չեն կապվում: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը գնում է այդ խնդիրներն առանձին-առանձին կարգավորելու ճանապարհով և հաստատակամ է իր այն տեսակետում, որ պետք է լինեն այնպիսին լուծումներ, որոնք տարածաշրջանում կապահովեն տևական կայուն խաղաղություն ու զարգացում:
Tuesday, November 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment