Tuesday, November 3, 2009

ՀԱՎԱՏՈՒՄ Է, ՈՐ ԿԳԱ

«ԱԶԳ», 03-11-2009 - - Ըստ երեւույթին, հարեւան Վրաստանի բոլոր քաղաքագետներն այնքան են «տոգորված» հակառուսական քաղաքականությամբ, որ կորցրել են իրատեսության զգացումը: Եվ դեռ տակավին պատրանքներ են տածում երկրի տարածքային ամբողջականության վերականգնման հույսերում: Համենայն դեպս օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստան ոտք դրած առաջին վրացի քաղաքագետը` նախկին վարչապետ Զուրաբ Նողիադելին , արտահայտելով բազում մտքեր, նշում է, որ իր առջեւ խնդիր է դրել Մոսկվայում հանդիպել տեղի աբխազների եւ օսերի հետ ու նրանց հետ քննարկել... վերամիավորման, սուբյեկտների կարգավիճակի հարցերը: Եվ դա ի՜նչ ֆոնի վրա` «Ընդհանուր առմամբ միավորման հարցերը Վրաստանը պետք է լուծի ոչ թե Ռուսաստանի, այլ անմիջականորեն օսերի եւ աբխազների հետ»: Ոչ, Նողիադելին, իհարկե, հասկանում է, որ բանակցություններ սկսել նախկին ինքնավարությունների հետ, գտնվելով անողոք առճակատման մեջ Մոսկվայի դեմ, անհեռանկար գործ է: Բայց եւ համոզված է, որ օսերն ու աբխազներն այնուամենայնիվ կուզենան ապրել վրացիների հետ` նույնիսկ անցյալ տարվա իրադարձություններից հետո: «Եթե դա անհնարին լիներ, ես դրանով չէի զբաղվի»: Նրա կարծիքով, առաջին հերթին պետք է վերականգնել տնտեսական հարաբերությունները, վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը Թբիլիսիի, Ցխինվալի եւ Սուխումի միջեւ, վերագործարկել Սուխումի օդանավակայանը, ընդ որում` առաջին ինքնաթիռը պարտադիր պետք է թռիչք կատարի դեպի Թբիլիսի: Նողիադելին, սակայն, չի բացահայտում, թե որն է իր համոզմունքների հիմքը:Զարմացնում է նաեւ վրացիների` շարունակվող անվերապահ հավատը Արեւմուտքի նկատմամբ: Դաս չառա՞ն, երբ այդ նույն Ամերիկան թե Եվրոպան օգոստոսյան պատերազմի ժամանակ սոսկ բավարարվեցին, հայերս կասեինք, ալանի հայտարարություններով (ի դեպ, նրանք հեռուն էին նայում. այսօր Աֆղանստանում գերեվարված ամերիկյան ուղղաթիռն ու նրա անձնակազմին փրկում են «հարեւան» ռուս օդաչուները): Խոսելով ՆԱՏՕ-ին անդամագրվելուց հրաժարվելու պայմանով Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցի շուրջը, նախկին վարչապետը, ընդգծելով, որ ատլանտյան դաշինքի մեջ մտնելու հավանականությունը նվազել է, ավելացնում է, թե դառնալով չեզոք պետություն, Վրաստանը կկորցնի ներկայիս բարեկամներին եւ հազիվ թե ձեռք բերի նոր` մոռացված բարեկամներ:Նողաիդելին Մոսկվայում աչքաթող չարեց նաեւ իր երեկվա տիրոջը: Պատերազմի մեջ ներքաշվելը (եւ ոչ թե «սկսելը») Սաակաշվիլու կողմից հանցագործություն էր, եւ նա պատասխան կտա կորցրած յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի համար, ոգեկոչում է նա եւ եզրահանգում` այդ պատերազմը կարելի էր շահել միայն նրանից խուսափելու միջոցով:Ինչպես ասվեց, ռուսատյացությունը, իրոք, այնքան է համակել եղբայր վրացիներին, որ նույնիսկ նախկին վարչապետի նման փորձառու քաղաքական այրը, բանակցային գործընթաց ակնկալելու նպատալով գտնվելով բուն Ռուսաստանում եւ նույնիսկ հանդիպելով երկրի փոխարտգործնախարարի հետ, թույլ է տալիս (երեւի անկախ իրենից) այսպիսի միտք. «Նման բանակցությունների նպատակը չպետք է լինի Ռուսաստանի հետ հարաբերությունների պրագմատիկ բարելավումը հանուն ինչ-որ դարավոր եղբայրական ավանդույթների» (ռուս փորձագետներից մեկը կարծիք էր հայտնել, որ նման «իմպրովիզացիայից» հետո պետք էր վերջ տալ խոսակցությանը Նողաիդելիի հետ):Վրաստանի նախկին վարչապետն այսօր ընդամենը կուսակցության լիդեր է եւ նույնիսկ չի անդամակցում իրական ընդդիմությանը: Հասկանում է, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավում սոսկ «կտնտղեն» իրեն, ոչ ավելի: Այդ իսկ պատճառով իր մոսկովյան առաքելությունը որակում է որպես «յուրօրինակ ժողովրդական դիվանագիտություն»: Գեղեցիկ է հնչում, բայց արդյոք դա այն ուղի՞ն է, որ կնպաստի Վրաստանի վերամիավորման գործին: Հազիվ թե: Հատկապես զենք ճոճելուց հետո:

No comments: