Tuesday, November 17, 2009

Ընդդիմադիր պատգամավոր. Հայաստանը դիտարկվում է, ոչ թե շարքային խաղացող, այլ որպես տարածք, որտեղ խաղում են

Panorama.am. 17-11-2009- «Թուրքիայի խորհրադարանը շատ ավելի նախաձեռնողական է: Այն ունի լավ ծրագրված փաստաթուղթ, թե երբ ինչ անի՝ ի տարբերություն մեր խորհրդարանի, որը սպասողական վիճակը համարում է ամենաշահեկանը»,-այսօրվա մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալվերդյանը: Նրա կարծիքով, հայկական խորհրդարանի պահվածքը «վերին աստիճանի» շահեկան է Թուրքիայի խորհրդարանի համար: «Ինձ այդքան չի հուզում, թե Թուրքիայի խորհրդարանը ե՞րբ կամ ի՞նչ կանի, ինձ հուզում է այն, որ Հայաստանը ինչո՞ւ չպետք է ունենա իր սեփական մոտեցումը»,-մտահոգություն հայտնեց բանախոսը: Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե մինչ այժմ հայ-թուրքական գործընթացին երաշխավոր կանգնած ԱՄՆ-ն այժմ հետ է քաշվում, Լ. Ալավերդյանն ասաց, որ դրան վերաբերվում է մեծ վերապահումով: «Ես գտնում եմ, որ հայ-թուրքական արձանգրությունների ստորագրման արարողությանը տիկին Հիլարի Քլինթոնի անձնապես մասնակցությունը թույլ է տալիս ԱՄՆ-ին ասելու, որ իրենք են գործընթացի իրական տերը»,-ասաց Լ. Ալավերդյանը, համոզմունք հայտնելով, որ տարածաշրջանում խնդիրներ ունեցող ԱՄՆ-ն մեծ ճնշում է գործադրում գործընթացի վրա, Թուրքիային ստիպելով հատվածական քայլերի: «Ամերիկայի, Թուրքիայի ու Ռուսաստանի խաղն այստեղ շատ անգամ խորքային առումով փոխկապակցված է, և Հայաստանի շահերն այստեղ ոչ թե երկրոդական, այլ կարող են երրորդային լինել: Այսինքն Հայաստանը դիտարկվում է, ոչ թե շարքային խաղացող, այլ որպես տարածք, որտեղ խաղում են»,-բանաձևեց Լ. Ալավերդյանը:

No comments: