«ԱԶԳ», 03-11-2009 - Վրաստանը Վերին Լարսի անցակետի բացման առնչությամբ որեւէ բանակցություն չի վարում Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Քալանթաձեն երեկ տեղի ունեցած ճեպազրույցում, որ փոխանցում է «Գրուզիա օնլայն» գործակալությունը:Ըստ Քալանթաձեի, ռուսաստանյան կողմը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, թե վրացական կողմի հետ Վերին Լարսի անցակետի բացման առումով բանակցություններ են տարվում:Վրաց փոխարտգործնախարարը նաեւ ընդգծել է, թե նախորդ շաբաթ վրացական պատվիրակությունը Լարսի առնչությամբ բանակցություններ է վարել Հայաստանի հետ: «Հայաստան էլ իր կողմից փորձում է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ», նշել է վրաց արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը: «Ելնելով հարեւան երկրների շահերից, վրացական կողմը պատրաստ է գնալ զիջումների», հայտարարել է Քալանթաձեն:Հիշեցնենք, որ ռուսաստանյան կողմի վրա էր բարդվում ողջ մեղավորությունը Վերին Լարսի անցակետի փակման առնչությամբ նաեւ այս տարի Հայաստան Վրաստանի նախագահի ացելության ժամանակ արված հայտարարություններում, մշտապես շեշտվող հիշեցմամբ, որ Վերին Լարսի անցակետը, որ ցամաքային կապ է Վրաստանից Ռուսաստան ու որից օգտվում էր նաեւ Հայաստանը, փակ է Ռուսաստանի պատճառով ու նախաձեռնությամբ` վերանորոգման աշխատանքներ անցկացնելու պատրվակով:Դեռեւս մեկ ամիս առաջ վրացական կողմը Ռուսաստան-Վրաստան հարաբերություններում միջնորդական առաքելություն իրականացնող Շվեյցարիայի դեսպանության միջոցով դիմել է ռուսական կողմին Վերին Լարսի հարցով, սակայն, ըստ վրացական աղբյուրների, ռուսական կողմից որեւէ արձագանք չի ստացվել:
Tuesday, November 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment