Aysor.am- 02.11.2009- 64 գրանցված, 100-ի չափ էլ չգրանցված աղանդավորական շարժումներ` կրթական, գիտական և այլ անվան տակ, այսօր գործում են ՀՀ-ում: Հայաստանյան աղանդավորական կառույցներն օրենքով թույլատրելի են: «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես կրոնական կազմակերպությունների իրավունքներում (հոդված 7) հստակ ասվում է, որ կրոնական կազմակերպությունների հոգևոր-կրոնական գործունեությունը իրականացվում է հետևյալ իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում.
ա) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին.
բ) ապահովել իրենց հավատացյալների հոգևոր-կրոնական բոլոր կարիքների ու պահանջմունքների բավարարումը.
գ) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում` այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով,
մնացած դեպքերում հրապարակային ժամասությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են ժողովների, հանրահավաքների, ցույցերի ու երթերի համար սահմանված կարգով.
դ) ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց երեխաների կրոնական կրթության համար` ծնողների համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները.
ե) զբաղվել աստվածաբանական, կրոնական, պատմամշակութային ուսումնասիրություններով.
զ) պատրաստել հոգևորական ծառայության կամ գիտական ու մանկավարժական կադրեր իրենց հոգևոր կենտրոնների կրթական հաստատություններում.
է) ձեռք բերել և օգտագործել կրոնական նշանակության առարկաներ ու նյութեր.
ը) օգտվել զանգվածային լրատվության միջոցներից` օրենքով սահմանված կարգով.
թ) կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ` անկախ ազգային կամ դավանական պատկանելությունից, հրավիրել նրանց ներկայացուցիչներին, իրենց հավատացյալներին գործուղել արտասահման` ուխտագնացության, ժողովների և կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև ուսման կամ հանգստի նպատակով.
ժ) զբաղվել բարեգործությամբ:
Կրոնական կազմակերպությունների հրատարակչական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:
Վերոհիշյալ իրավունքներն առաջանում են տվյալ կրոնական կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում գրանցվելու պահից:
(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 10.09.97 ՀՕ-138):
Նույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում են արգելված նորմերը, այն է. «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգևորսությունը: Որպես հոգևորսություն չի կարող դիտվել սույն օրենքի 7 հոդվածում նշված իրավասությունների սահմանում ծավալված որևէ գործողություն»:
«Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը զարմացած է նման օրենքի առկայությունից, քանի որ Հայաստանում օրենքով չես կարող պարզել, թե ի՞նչն է աղանդը, կամ ի՞նչ ասել է հոգեորսություն, եթե չկա դրա հստակ սահմանումը:
«Աղանդի մեջ վատ բան չկա, վատ բան կա քայքայիչ աղանդի մեջ, որի գործունեության ընթացքում ընտանիքներ են քայքայվում: Հոգեորսությունն ի՞նչ է, ոչ ոք չի կարողանում բացատրել: Միայն մի հայտնի խոսքով են, կարծես, առաջնորդվում. ուզում ես միլիոնատեր դառնալ, ստեղծիր քո կրոնը»,- ասաց Ամարյանը:
Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը բացատրեց հոգեորսության իմաստն ու ասաց, որ ճիշտ է, օրենքը բաց է այդ առումով. «Երբ դիմացինի կրոնական համոզումների վրա բռնություն են կիրառում, դու մարդու բուն նպատակը չգիտես: Աղանդավորներն իրենց քարոզի տիրույթից դուրս գալու իրավունք չունեն, դրսում նրանց քարոզներն արգելված են, և դա մարդորսության դրսևորություններից մեկն է: Մենք կոնկրետ վերլուծողներ չունենք, թե մեթոդիկան ինչպե՞ս են կիրառում, այդ իսկ պատճառով չենք կարող հստակ ասել` ո՞ր դեպքում է հոգեորսություն և ո՞ր դեպքում պարզապես քարոզ»,- նշեց Տեր Հակոբը:
Նրա խոսքերով, ամենաչնչին փորձը` մարդուն հեռացնել սեփական հավատքից, կարող է դիտարկվել որպես հոգեորսություն:
Tuesday, November 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment