ԱՅՍՕՐ 16.11.2009 - Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան հուսալի միջնորդ չէ` Սիրիայի հետ բանակցելու համար: Նեթանյահուի խոսքերը փոխանցում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Associated Press գործակալությանը:
Նշենք, որ Անկարան որպես միջնորդ էր հանդիսանում Երուսաղեմի և Դամասկոսի միջև բանակցությունների չորս փուլի ժամանակ, սակայն, հաշվի առնելով թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը, Իսրայելն այլևս չի ցանկանում միջնորդի դերում տեսնել Թուրքիային: Նույնիսկ, ըստ որոշ աղբյուրների, Իսրայելի վարչապետը հանձնարարել է իր վարչակազմի անդամներին պատրաստվել Սիրիայի հետ անմիջական բանակցությունների: Իսկ Փարիզ կատարած իր այցի ժամանակ Նեթանյահուն հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Բաշար Ասադի հետ «ցանկանած վայրում, ցանկացած ժամանակ»` առանց նախապայմանների բանակցելու համար: Նեթանյահուի կարծիքով, եթե նույնիսկ Դամասկոսի և Երուսաղեմի միջև բանակցություններում միջնորդի կարիք կա, ապա այն պետք է հուսալի լինի:
Ի տարբերություն Իսրայելի, Սիրիան պնդում է բանակցություններում Թուրքիայի միջնորդությունը` բարձր գնահատանքի արժանացնելով այն: Այսպես, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ֆրանսիայում հայտարարել էր, որ «եթե Նեթանյահուն լուրջ է մոտենում, նա կարող է Թուրքիա ուղարկել իր փորձագետներին, իսկ մենք կուղարկենք մեր փարձագետներին»: «Այդ դեպքում նրանք կարող են խոսել, եթե իրապես հետաքրքրված են խաղաղության հաստատման գործում», - ասել էր Սիրիայի նախագահը:
Monday, November 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment