Monday, November 16, 2009

ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈւՄՆ ԷԼ ԹՈւՐՔԻԱՅԻՆ ՉԻ ՓՈԽԻ

Report.am. 13-11-2009- Ոչնչից ինչ-որ բան եզրակացնելու համար, հավատացեք, մեծ երևակայություն է պահանջվում: Իսկ եթե երևակայությունն էլ չկա, ապա արդյունքում ստացվում է անհեթեթություն, ճիշտ այնպիսին, ինչպիսին հրապարակել է ադրբեջանական «Զերկալո» թերթը նոյեմբերի 10-ի համարում: «Հայաստանը համաձայնել է վերադարձնել տարածքները» բարձրագոչ խորագրի տակ զետեղված է մի նյութ, որը, ամենամեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ տեղավորել Ադրբեջանի ներքին օգտագործման համար նախատեսված վերնագրի բովանդակության մեջ: Հեղինակը՝ Ռաուֆ Միրկադիրով, իր ընթերցողներին երկար-բարակ պատմել է Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի մասին, ասել, որ նրանք եկան Բաքու, գնացին Երևան և դարձյալ վերադարձան Բաքու և հետո իրենց պաշտոնական կայքում, «Թրենդ» գործակալության վկայությամբ, հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանն իրենց հետ լուր է ուղարկել, թե ինքն էլ Ալիևի նման պատրաստ է շարունակել քննարկումները՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ: Աչալուրջ հեղինակը նաև նշել է, որ համանախագահների հայտարարության մեջ տեղ է գտել երկու նախագահների նոր հանդիպում (թվով 6-րդը այս տարում) կազմակերպելու մասին տեղեկատվությունը: -Չնայած այս ամենին,- գրում է «Զերկալոն», ըստ թուրքական թերթերի («Ջումհուրիեթ»), Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ամերիկյան այցի շրջանակներում պատրաստվում է ԱՄՆ նախագահ Օբամայի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն արագացնելու հարցը: Էրդողանը մտադիր է Սպիտակ տան ղեկավարին վերջնագիր ներկայացնել ղարաբաղյան կարգավորման առումով և նրա առաջ շեշտակի հարց դնել՝ մինչև 2010 թվականի վերջը լուծել խնդիրը: Հակառակ դեպքում Անկարան «կսառեցնի» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Թուրքական թերթերն, իհարկե, կարող էին գրել նաև, որ Էրդողանը պատրաստվում է մի քանի ապտակ հասցնել Օբամային, բայց լավ է, որ մնացել են չափի մեջ: Այլապես Օբաման, որպես ԱՄՆ նախագահ, կարող էր մինչև դեկտեմբերի 7-ը (իսկ վերոհիշյալ այցը կայանալու է հենց այդ օրը), միջոցներ ձեռնարկել Էրդողանի հերսը փարատելու ուղղությամբ: Այդուհանդերձ, զարմանալի մի զուգադիպությամբ նույն «Ջումհուրիեթ» թերթում «Զերկալոյի» մեկնաբանը նկատել է նաև, որ Էրդողանը ոչ միայն հոխորտալու չի մեկնում ԱՄՆ, այլև պատրաստվում է նույն Սպիտակ տան ղեկավարին խնդրել, որ նա փորձի արագացնել Մինսկի խմբի աշխատանքները և Ռուսաստանին ու Ֆրանսիային էլ հորդորի հանդես բերել առավել վճռական դիրքորոշում: Հանուն ճշմարտության նշենք, որ Միրկադիրովն իր այս «հոդվածին» է կցել նաև տեղեկություն այն մասին, որ ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալաադդին Բյույուկկայան «Day.az»-in ասել է, թե ինքը ուշիուշով հետևում է Մինսկի խմբի աշխատանքներին, և իրեն հայտնի են Եվրախորհրդի ղեկավարների և Մինսկի խմբի անդամ երկրների տեսակետներն այդ խմբում Թուրքիայի համանախագահության վերաբերյալ: «Նրանք գտնում են, որ Թուրքիայի համար որևէ արգելք չկա: Ընդամենը պետք է որ հակամարտող կողմերը համաձայն լինեն»: Սա է այն ամենը, որ տեղ է գտել հենց սկզբում մեր նշած վերնագրի տակ: Թե հատկապես ինչից է Ռաուֆ Միրկադիրովը ենթադրել կամ եզրակացրել, որ Հայաստանը համաձայնել է հանձնել տարածքները, ուղղակի դժվարանում ենք ասել: Տպավորությունն այնպիսին է, որ պարզապես խմբագրությունն է ինչ-որ բան շփոթել և սովորական ինֆորմացիաների այս ժողովածուն հայտնվել է բոլորովին այլ մի վերնագրի տակ: Հնարավոր է նաև երկրորդ տարբերակը՝ այն որ «Զերկալոն» նախ իր թղթակիցների երազած խորագրերն է հրապարակում և նոր միայն հոդվածները հարմարեցնում դրանց: Չնայած այդ ամենին, ինչպես նաև այն բացահայտ պնդմանը, որ Էրդողանը ԱՄՆ է մեկնում Օբամայի հետ ղարաբաղյան խնդիր քննարկելու (ՀՀ արտգործնախարարությունը, կարծում ենք, կփարատի մեր կասկածները) մենք, հավանաբար, շնորհակալություն պետք է հայտնենք բազմափորձ «Զերկալոյին»՝ հայ հանրությանը խնդիրներին այլ հայացքով նայելու հերթական առիթը տալու համար: Այլապես մենք որտեղի՞ց պետք է իմանայինք, որ Թուրքիան ձգտում է համանախագահող երկիր դառնալ Մինսկի խմբում և խոսք ասել ղարաբաղյան կարգավորման հարցով: Եթե դատելու լինենք ՀՀ նախագահի խոսքերից, ապա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը միայն դրական ազդեցություն կունենա ԼՂՀ խնդրի կարգավորման վրա: Ճիշտն ասած՝ Ռաուֆ Միրկադիրովի այս փնթի հոդվածից մենք այլ տպավորություն ունեցանք: Օրինակ այսպիսի՝ Թուրքիան ամեն կերպ, ընդհուպ ԱՄՆ նախագահի վրա ճնշում գործադրելու գնով, միջամտում է ղարաբաղյան գործընթացին և նույնիսկ փորձում համանախագահի աթոռ ձեռք գցել Մինսկի խմբում: Մինչ այս դա նրան չի հաջողվել այն պարզ պատճառով, որ հակամարտող կողմերից առնվազն մեկը՝ Հայաստանը, իր համաձայնությունը չի տվել, քանի որ Թուրքիային իրավամբ դիտել է որպես հակամարտող կողմ: Իսկ ինչպիսի՞ կողմ կդառնա Թուրքիան սահմանը բացելուց հետո: Մեզ համար պարզ է, բայց ահա որոշների համար դա պարզ կդառնա միայն սահմանը բացելուց հետո, երբ արդեն շատ ուշ կլինի: ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

No comments: