Tuesday, November 17, 2009

Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը

Tert.am- 17-11-2009- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իրեն առնչվող հայտարարությունները։ Այս մասին հայտնում են հայկական օրաթերթերը՝ հղում կատարելով «Մեդիամաքս» գործակալությանը։ «Տեր-Պետրոսյանի մեծամտությունն ու ինքնահիացումը ծանր տպավորություն են թողնում։ Ենթադրում եմ, որ ներկաները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի ելույթի ընթացքում չքնեն։ Իմ հասցեին արված մեղադրանքներն այնքան աբսուրդային են, որ իմաստ չունի կանգ առնել դրանց բովանդակային մասի վրա` վերջինիս բացակայության պատճառով։ Հիմարությունն արժանի է միայն արհամարհանքի։ Սակայն Տեր-Պետրոսյանի բոլոր ճառերում իմ մշտական հիշատակության փաստն ինձ հիշեցնում է մի իրավիճակ, որի ականատեսը դարձա Աֆրիկայում մի քանի ամիս առաջ։ Երեկոյան խարույկի շուրջ որսորդները պատմում էին աֆրիկյան խոշոր կենդանիների վրա որսի տարբեր սուր դրվագների մասին։ Խոսում էին առյուծների, հովազների, գոմեշների և փղերի ուժի, ճարպկության ու վտանգավորության մասին։ Ներկաներից մեկը` մի եվրոպացի, ամեն պատմությունից հետո հոգոց էր հանում և ասում, որ կենդանիներից ամենավտանգավորն ու ուժեղը արջն է։ Երբ նա դա կրկնեց երրորդ անգամ, ես հետաքրքրվեցի, թե ինչու՞ է արջը նման մեծ տպավորություն գործել։ Պարզվեց, որ 5 տարի առաջ որսի ժամանակ արջը նրան լավ ջարդոտել է։ Հավանաբար ես ինչ-որ կերպ ոգեշնչում եմ Տեր-Պետրոսյանին, այդ պատճառով էլ նա այդքան հաճախ է ինձ հիշում»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

No comments: