Tuesday, November 17, 2009

Իգդիրի ադրբեջանա-թրքական զանգվածը կատաղի պայքար է մղում հայ-թուրքական սահմանի բացման դեմ

News.am. 16-11-2009- Իգդիրի հակահայկական կազմակերպությունը ստորագրահավաք է սկսել հայ-թուրքական սահմանի բացման դեմ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Songun կայքէջը։ Իգդիրի «Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի միություն»(ASIM-DER) անունով կազմակերպությունը սկսել է ստորագրահավաք անցկացնել՝ առանց ղարաբաղյան խնդրի լուծման, հայ-թուրքական սահմանի բացման դեմ։ Նախատեսվում է 7օրում հավաքված ստորագրությունները ուղարկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Այդ կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուրբեյը նշել է. "Հայերը ցանկանում են սահմանը բացվի, սակայն շարունակում են իրենց մամուլում կրկնել, որ չեն դուրս գալու «գրավյալ» տարածքներից։ Գյոսքեյը պնդում է, որ եթե հայերը ցանկանում են Իգդիրի հատվածի սահմանը բացվի՝ պետք է վայրկյան առաջ ազատեն ադրբեջանական հողերը։ NEWS.am-ը հիշեցնում է, որ տվյալ կազմակերպությունը մի քանի ամիս առաջ էլ որոշել էր Խոջալուի դեպքերի հետ կապված դատի տալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ այդ առթիվ նամակ է ուղարկել Եվրոպական մարդու իրավունքների դատարան։ Իսկ այդ կազմակերպության անդամներից մեկն էլ՝ ցույց տալով հայկական դրամի վրա պատկերված Արարատ լեռը ասել էր. «Սահմանը, որ բացվի հայերը գալու են սրանով մեր հետ առեւտո՞ւր անեն։ Մենք դա չենք ուզում»։ Ի դեպ Իգդիրում բնակչության կեսը ադրբեջանցիներ են։ Այս հանգամանքը կապված է Նախիջեւանի հարեւանությամբ գտնվելու հետ։ Հազարավոր նախիջեւանցիներ, իրենց մոտ աշխատանք չգտնելով, հաստատվում են Իգդիրում։ Իգդիրի քաղաքապետերը 85 տարի շարունակ եղել են ադրբեջանցիներ, իսկ այս վերջի տարիներին Իգդիրում կուտակվող քուրդ բնակչությանը հաջողվում է կազմել մեծամասնություն եւ ընտրություններում հաղթանակ է տանում քուրդ թեկնածուն։ Իգդիրը երկփեղկված է քրդերի եւ ադրբեջանցիների միջեւ։ Ադրբեջանցիները պնդում են, որ պետք է սահմանը բացվի Ղարաբաղի խնդիրը լուծելուց հետո, իսկ քրդերը կողմ են առանց նախապայմանների սահմանի շուտափույթ բացմանը։

No comments: