«Հետք online » 15.11.2009 - Երևանում տեղի ունեցավ «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» առաջին համագումարը
«Մեր բոլորի մտահոգությունն են մեր հուշարձանները երկու ուղղությամբ` և Հայաստանի սահմաններում, և Հայաստանի սահմաններից դուրս: Հայաստանի սահմաններից դուրս հուշարձանների լինելը, ըստ էության, մեր պատմության վերջին կռվաններն են, որովհետև ժողովուրդը պատմական տարածքներում արևմտյան հարևանների կողմից, այլևս չի ապրում, և մեր հետքերը վերանում են»: Այս մասին ասաց ՀՀ Քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանը նոյեմբերի 14-ին կազմակերպված «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» առաջին համագումարում:
Ասոցիացիան 2009 թ. հունիսին ստեղծել են մի խումբ վերականգնող ճարտարապետներ, որոնք նախկինում աշխատել են 1992 թ. լուծարված «Հայնախագիծ ռեստավրացիա» նախագծային ինստիտուտում: Ինչպես նշեց «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» գլխավոր քարտուղար Հովիկ Սանամյանը, «ասոցիացիայի գործունեության հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի, Պատմական Հայաստանի և Սփյուռքի հայկական պատմական հուշարձանների պահպանման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման գործընթացին, նպաստել հայկական ճարտարապետական ներուժի համախմբմանը և միջազգային համագործակցության միջոցով պատմաճարտարապետական ժառանգության պահպանման և վերականգնման արվեստի զարգացմանը»:
Համագումարի ժամանակ քաղաքաշինության փոխնախարարը նշեց, որ Հայաստանի սահմաններում հուշարձանների պահպանումը, «պետական բյուջեի սղության պատճառով, լուրջ ուշադրության կարիք է պահանջում»:
«Իրենց փորձագիտական օգնությունից բացի` ես կարծում եմ, որ այս ասոցիացիան լուրջ զարգացում կունենա` նաև ներգրավելու համապատասխան միջոցներ` ավելացնելու պետական բյուջեն և ավելի որոշակի արդյունքի հասնելու: Եթե մենք բոլորս ճարտարապետության տարբեր հարցերի շուրջ կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ` երբեմն նույնիսկ իրար խիստ հակասող, ապա այս հարցում, ինձ թվում է, մենք պետք է թողնենք մեր սեփական ես-ը, և բոլորս ամբողջությամբ միավորվենք` օգնելու, աջակցելու և ձեռք մեկնելու: Որպես նախարարություն կամ Ճարտարապետական համահայկական ասոցիացիայի շրջանակներում, Ճարտարապետների միության հետ համատեղ, մենք էլ, իհարկե, շատ հարցերում պատրաստակամ ենք օժանդակելու, ընդհուպ մինչև մոտ ապագայում տարածքի` գրասենյակի հարցով ևս օգնելու»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքերով` նման ասոցիացիայի ստեղծման պահը շատ կարևոր է, «որովհետև արդեն իսկ մենք կարճ ժամանակում տեսնում ենք, թե (ներողություն եմ խնդրում այդ բառի համար) ինչ ավերածություններ ենք արել»:
«Նախկին ժամանակներում կար պետական աջակցություն վայելող վարչությունը, որը անդամահատվեց, լուծարվեց, հալվեց այս տարիների ընթացքում, և այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Եվ երևի թե այս նորաստեղծ կազմակերպությունը իր անդամներով, բոլորով միասին կարողանանք դրա առաջն առնել»,- ասաց Մկրտիչ Մինասյանը: Նա հավելեց, որ հուշարձանների կործանումը կանխելը ամենօրյա աշխատանք է, և մեկ անգամ հավաքվելով` հնարավոր չէ մեծ արդյունքների հասնել:
ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամվելյանը, անդրադառնալով Մշակույթի նախարարության քաղաքականությանը, ասաց, որ վերականգնողական կենտրոն է ստեղծվել, որտեղ կլինի նաև կադրերի վերապատրաստում, «այսինքն` մենք կարող ենք միասին համագործակցել»: «Անպայման չէ, որ նախագիծը լիովին վերականգնվի, կարելի է գնալ նաև կոնսերվացման ուղով, մասնակիորեն»,- ասաց Մշակույթի փոխնախարարը:
ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի խոսքերով` ընդունված է համարել, որ հուշարձանների պահպանությունը պետության գործն է, սակայն սա ճիշտ է միայն մասնակիորեն, որովհետև որևէ երկրում հուշարձանների պահպանությունը չի կարող արդյունավետ իրականացվել` առանց հասարակության մասնակցության:
«Մենք վստահ ենք, որ միայն համատեղ ուժերով, մասնագետների համախումբ աշխատանքով կարելի է չեզոքացնել վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գրեթե ավերիչ գործընթացները, որոնք մեծ վնաս հասցրին հուշարձանների պահպանության գործին: Ես վստահ եմ նաև, որ ասոցիացիայի ստեղծումը նաև կնպաստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուշարձանների վերականգնման և պահպանության բնագավառի բարելավմանը»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը:
Նրա տեղեկացմամբ` մի քանի տարի է, որ Արցախի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում այս ուղղությամբ, և արդյունքները շատ ավելի տեսանելի կլինեն, եթե Արցախի հուշարձանների վերականգնման գործում ներգրավվեն ՀՀ մասնագետներ:
«Այստեղ հավաքվածներից շատերին ճանաչում եմ, և պաշտոնապես նորից հրավիրում եմ մասնակից լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացվող վերականգնման աշխատանքներին»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը:
Monday, November 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment