Monday, November 16, 2009

Փոփոխություն Քարահունջում

«Ո՞վ է գրել դա` մի քանի լեզուներով» «Հետք online » 15.11.2009 - «Ես շատ եմ գնացել Քարահունջ: Վերջերս նորից գնացի և տեսա, որ զգալի և շատ լավ փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչ-որ մի փոքր տնակ է, վաճառում են գրքեր` այդ տարածքի մասին, հուշանվերներ` շատ սիրուն, շատ լավ: Եվ դրված են, շատ սիրուն պատրաստված պաստառներ («Վիվա Սելը» հովանավորել է այդ ամենը), և մի քանի լեզվով բացատրվում է, թե «այս տեղը ինչպես է գոյացել» և այլն: Չգիտեմ ինչու Քարահունջի անվանումը փոխվել է, դառել է ինչ-որ ուրիշ անվանում` Զորաց քարեր, և ամենից կարևորը, «հետաքրքիրը» այն է, որ ամեն տեղ գրված է, որ «Զորաց քարերը (թարգմանված թուրքերենից) նշանակում է սա, սա, սա»»: Քարահունջի անվան փոփոխության և Զորաց քարերը թուրքերենին վերագրող ցուցանակի մասին պատմեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը նոյեմբերի 14-ին կազմակերպված «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» առաջին համագումարում: Ռուբեն Գևորգյանցը, ով նաև Ազգայնական կուսակցության նախագահն է, հարցնում է, թե «Ո՞վ է գրել դա` մի քանի լեզուներով: Եվ երբ ես այնտեղ էի, շատ զբոսաշրջիկներ կային` ֆրանսիացիներ և այլն, և այլն: Ընդհանրապես մեկը հետևո՞ւմ է դրան, ի՞նչ «թուրքերեն», ի՞նչ կապ ունեն Զորաց քարերի հետ թուրքերը»: Ռուբեն Գևորգյանցի համոզմամբ` պետք է շատ ուշադիր լինել այն վահանակների բովանդակության նկատմամբ, որոնք վերջերս տեղադրվում են հայկական վանքերի և այլ հուշարձանների մոտ: Քարահունջի ցուցանակի բովանդակության մասին ահազանգել է Ազգայնական կուսակցության Սիսիանի մասնաճյուղը: «Ես, ճիշտ է, կարող է շատ կոպիտ բան եմ ասել, բայց ասել եմ` վերցրեք վառեք: Մեր մեթոդները դրաք են. եթե հակահայկական ինչ-որ ակցիա է, ուրեմն պիտի վառել»,- ասաց Ռուբեն Գևորգյանցը: Անդրադառնալով նույն խնդրին` «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» նախագահ Գագիկ Սողոմոնյանն ասաց. «Ես գիտեմ` «Վիվա Սելը» լավ գործ է անում, այդ տախտակներն է դնում: Բայց ես չգիտեմ` ինֆորմացիան որտեղից է վերցնում: Ես դիտողություն ունեմ կամ ինֆորմացիա տվողին, կամ «Վիվա Սելին»»: Համագումարին ներկա, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամվելյանն արձագանքեց, որ իրենք էլ դիտողություն ունեն: Ցուցանակներ տեղադրելու նախաձեռնությունը Մշակույթի նախարարությանն է: Նախնական բանավոր պայմանավորվածություն է եղել, որը հիմա նախարարությունը վերանայում է, և այսուհետև «Վիվա Սելը» միայն նախարարության տրամադրած տեքստերով ցուցանակներ պետք է տեղադրի: Գագիկ Սողոմոնյանն ասաց, որ Տաթևի վանքում ցուցանակ տեղադրելիս «Վիվա Սել» ընկերությունը բացարձակապես անտեսել է այն փաստը, որ դա լրիվ ավիրված հուշարձան էր, և վերականգնման հեղինակների աշխատանքի շնորհիվ է, որ հուշարձանը կանգուն է: Ցուցանակում նշված չէ վերականգնման հեղինակի անունը: «Ասածս այն է, որ հեղինակները պարտադիր նշվեն, հարգվեն, և եթե ինչ-որ միջամտություն են ուզում անել հուշարձանի վրա, մի հատ հիշեն, թե հեղինակը ով է, և իր հետ գործ բռնեն: Նախագիծը պարտադիր պետք է հեղինակին տրվի: Դարձյալ հեղինակը պետք է որոշի, թե այդ ցուցանակը ինչպե՞ս պետք է դրվի, որտե՞ղ պետք է դրվի»,- ասաց Գագիկ Սողոմոնյանը: Նա հավելեց, որ իրենց ասոցիացիան ուշադրությամբ հետևելու է այս խնդրին: Դահլիճից արձագանքեցին, որ այս հարցում կարելի է հետևել Հյուսիսային պողոտայի օրինակին: Հյուսիսային պողոտայի շենքերի վրա գրված է, թե ով է հեղինակը, կառուցողը, իսկ թե ով է վերականգնել Տաթևը, ոչ ոք չգիտի:

No comments: