Wednesday, November 18, 2009

Կոնգրեսը հայտարարում է վճռական պայքարը շարունակելու պատրաստակամության մասին

Tert.am. 18-11-2009- Հայ Ազգային Կոնգրեսը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքական խնդիրներին։ Հաղորդագրության մեջ ասված է. «Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ աղմկոտ քննարկումները կարծես ստվերեցին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական այլ խնդիրները։ Որքան էլ բախտորոշ և պատմական նշանակություն ունենա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ բնական էր, որ այն դարձավ աշխույժ բանավեճերի և քաղաքական ուժերի նոր դիրքավորման առիթ, չպետք է թույլ տալ, որ քաղաքական բանավեճը կենտրոնանա բացառապես այդ խնդրի վրա՝ ուշադրությունից դուրս թողնելով, նույնքան, գուցե և ավելի կարևոր ու տարողունակ խնդիրներ։ Հայ Ազգային Կոնգրեսը, նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ գնահատականներ տվեցին հայ-թուրքական կարգավորման գործընթացին և դրա հետևանքով առաջացած արտաքին և ներքաղաքական զարգացումներին, հիմնավորելով, որ արտաքին քաղաքականության բնագավառում արձանագրված ձախողումները և անհարկի զիջումները հետեւանք են Հայաստանում առաջացած խորը տնտեսական և քաղաքական ճգնաժամի՝ ինչը արդյունք է կեղծված նախագահական ընտրությունների, իշխանությունների ոչ լեգիտիմության, մարտիմեկյան սպանդի։ Քաղբանտարկյալների առկայությունը, հավաքների և խոսքի ազատության ոտնահարումները, շարունակվող ոստիկանական բռնաճնշումների բնույթը և այլն վկայություն են այն բանի, որ վարչախումբն ի դեմս սեփական ժողովրդի տեսնում է իր ամենաոխերիմ թշնամուն և պատերազմ է հայտարարել նրա դեմ։ Դրանով իշխանությունն ապացուցում է, որ իր բնույթով ունակ չէ երկիրը կառավարել օրինական ու ժողովրդավարական մեխանիզմներով։ Մարդու իրավունքների ու ժողովրդավարական ազատությունների համատարած խախտումները, ապօրինի մենաշնորհային-օլիգարխիկ համակարգի միջոցով ժողովրդի օր-օրի ահագնացող մոլագար կողոպուտը անիմաստ են դարձնում այս իշխանության պայմաններում որևէ բարեփոխման սպասելիք և սպառնում են երկրի անվտանգությանն ու պետականության գոյությանը։ Երկրում օրինականության ապահովմանը, ժողովրդի կենսական շահերի ու ժողովրդավարական ազատությունների ապահովմանը, սոցիալական վիճակի թեթևացմանն ուղղված համակարգված քայլեր չանելու դեպքում առկա ճգնաժամը ծավալելու է համատարած դժգոհությունը և սպառնալու է վերաճել համաժողովրդական ընդվզման։ Հայ Ազգային Կոնգրեսը, առաջնորդվելով պետականության ու ժողովրդի առջև իր քաղաքական պատասխանատվության գիտակցումով, շարունակելու է հետևողական ու վճռական պայքարը իր առջև դրած հիմնական ու տարողունակ խնդրի՝ սահմանադրական կարգի վերականգնման և լեգիտիմ իշխանության ձևավորման համար՝ ինչից ածանցվում են մյուս բոլոր՝ արտաքին և ներքաղաքական խնդիրները ու դրանց լուծումը՝ անկախ իրենց հնչեղությունից։ Ու դրան էլ հարմարեցնելու է իր պայքարի մարտավարությունը»։

No comments: