Monday, November 16, 2009

«Չեթհեմ Հաուզ». Արձանագրությունների վավերացման հետաձգումը կարող է լուրջ հետեվանքներ ունենալ

Panorama.am. 16-11-2009- «Առանց Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթացի, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է վտանգել Անկարայի և Բաքվի հարաբերությունները»: Բրիտանական «Չեթհեմ Հաուզ»-ի (Chatham House) այսօր հրապարակված զեկույցում նման գնահատական է տրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նվիրված բաժնում: «Թուրքիա, Ռուսաստան և Կովկաս. ընդհանուր և հակասող շահեր» խորագրով զեկույցում բրիտանացի փորձագետներն անդրադարձել են Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, ռուս-թուրքական հարաբերություններին, Հարավային Կովկասի հակամարտություններին, տարածաշրջանում ծավալված դիվանագիտական գործընթացներին ու էներգետիկ նախագծերին առնչվող մի շարք հարցերի: Զեկույցի հեղինակները փաստել են, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմը բացասաբար է ազդել Հայաստանի տնտեսության վրա, և նշել, որ Թուրքիայի կողմից դեռևս 1993 թվականին փակված հայ-թուրքական սահմանի վերաբացումը կարող էր օգտակար լինել թե Հայաստանի, թե Վրաստանի համար: Զեկույցի հեղինակները նշել են, որ այդ քայլի համար Թուրքիան նախապայմաններ էր առաջ քաշում, ապա նկարագրել են պաշտոնական Անկարայի երբեմնի նախապայմանները: Այնուհետև բրիտանացի փորձագհետներն արձանագրում են, որ հայաստանի իշխանությունները համարժեք գնահատելով տարածաշրջանում ստեղծված վիճակը հանդես եկան նախաձեռնությամբ: «Այնուամենայնիվ օգոստոսյան դեպքերից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց «ֆուտբոլային դիվանագիտությանը», որի արդյունքում էլ ի վերջո ստորագրվեցին հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները հաստատող արձանագրությունները»,- նշել են «Չեթհեմ հաուզ»-ի զեկույցի հեղինակները: Վերջիններս նկատել են նաև, որ այս նախաձեռնությունը, չնայած որոշ սպասումների, չի բերել Մոսկվայի հակազդեցությանը: Զեկույցի հեղինակներն այնուհետև անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում տարածաշրջանում հնարավոր վերադասավորումներին և կասկած հայտնել, թե չնայած մտավախություններին, քիչ հավանական է, որ հարաբերությունների կարգավորումը բերի Ռուսաստանի կողմից` Հայաստանի հետ համագործակցությունից խուսափելուն ու Ադրբեջանի հետ մերձենալուն մի կողմից, իսկ մյուս կողմից` Անկարայի ու Բաքվի միջև հարաբերությունների սառեցմանը: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների իրագործման հնարավորություններին` բրիտանացի փորձագետները իրատեսական են համարել Թուրքիայի կողմից դրանց վավերացումը հետաձգելու մոտեցումը: Միևնույն ժամանակ զեկույցում նշվել է, որ վավերացման հետաձգումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, քանզի «Հայաստանի իշխանությունները սպառնացել են հրաժարվել հարաբերությունները կարգավորելու գործընթացից, եթե արձանագրությունների վավերացումը հետաձգվի»: Նշենք, որ «Չեթհեմ Հաուզը», նախկինում` Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ, Լոնդոնում գտնվող ոչ կառավարական կազմակերպություն է, որը զբաղվում է միջազգային հարաբերությունների, առանձին հիմնախնդիրների վերլուծությամբ, ուսումնասիրությամբ և համապատասխան առաջարկներ է ներկայացնում որոշում կայացնողներին:

No comments: