Monday, November 16, 2009

Գարեգին Բ Կաթողիկոսը և Սիրիայի նախագահը քննարկել են հայ–թուրքական գործընթացը

Tert.am.16-11-2009- Նոյեմբերի 15-ին Սիրիայում պաշտոնական-հովվապետական այցով գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու ուղեկցող պատվիրակությանն ընդունեց ՍԱՀ նախագահ դոկտոր Բաշար ալ-Ասադը: Վեհափառ Հայրապետը երախտագիտություն հայտնեց Սիրիայի նախագահին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատարության և բարյացակամ վերաբերմունքի համար: Միաժամանակ Վեհափառ Հայրապետը չափազանց բարձր գնահատեց Սիրիայի քաղաքական ղեկավարության, և մասնավորապես, նախագահ Ասադի կեցվածքը ազգային կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային խնդիրներ: Հատուկ անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախագահ Ասադը, բարձր գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համարձակ քայլն, ընդգծեց, որ այն դրական կանդրադառնա ողջ տարածաշրջանի անվտանգության, համագործակցության և խաղաղ գոյակցության վրա: Նույն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ՍԱՀ վարչապետ Մուհամմադ Նաջի Օտրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկեցին հայ-սիրիական երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու բոլոր բնագավառներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցեր: Նույն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայրապետական հանդիսավոր Ս. Պատարագ մատուցվեց Դամասկոսի Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում: Այս մասին հաղորդում են ՀՀ Արտգործնախարարությունից։

No comments: