Wednesday, November 18, 2009

Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ում պաշտպանել են ինքնորոշման իրավունքի մասին բանաձևը

Panorama.am 17.11.2009 - Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կոմիտեն անցած ուրբաթ ընդունել է Պակիստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որով վերստին հաստատվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և կոչ է արվում դադարեցնել արտաքին ռազմական միջամտությունը, օկուպացիան և ռեպրեսիաները: Կոնսենսուսի սկզբունքով ընդունված բանաձևը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել ժողովուրդների` իրենց անքակտելի, ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ ծավալած պայքարի վրա: Բանաձևն առաջադրող երկիրը` Պակիստանն, առաջին հերթին նպատակ է հետապնդել ուշադրություն հրավիրել Քաշմիրի և Պաղեստինի խնդիրների վրա, իսկ բանաձևին միացած մյուս երկրներն իրենց հետաքրքրող հարցերի շրջանակն են առաջադրել: Հայաստանը, որ բազմիցս է բարձրացրել ժողովուրդների ինքնորոշման խնդրի կարևորման հարցը, նույնպես միացել է այս բանաձևին: Ուշագրավ է, որ Ադրբեջանը ևս բանաձևի նախագիծը սատարողների թվում է: Հավանաբար, ադրբեջանցի պատվիրակն այս հարցում կողմնորոշվել է իսլամական համերաշխության սկզբունքից ելնելով` անտեսելով սեփական երկրի ղեկավարության` բանաձևի կարևորած իրավունքը ստորադասելու բազմամյա փորձերը: Հետաքրիքր մի հանգամանք ևս: Պակիստանն այս բանաձևի նախագիծը շրջանառության մեջ է դրել դեռևս 1981 թվականին, սակայն այն երբևէ քվեարկության չի դրվել: Շուրջ երեք տասնամյակ առկախ մնալուց հետո բանաձևի ընդունումը վկայում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի արդյունավետ իրացման հարցը գնալով ավելի մեծ ուշադրության է արժանանում: Բանաձևով, մասնավորապես, վերահաստատվում է ՄԱԿ-ի կանոնադրության և մարդու իրավունքների մասին փաստաթղթերում ամրագրված ժողովուրդների ինքնորոշման ունիվերսալ իրավունքը: Տեքստում նշվում է, թե Գլխավոր ասամբլեան հաստատում է, որ բոլոր, այդ թվում` գաղութատիրության, արտաքին կամ օտարերկրյա գերիշխանության տակ գտնվող, ժողովուրդների ինքնորոշման ունիվերսալ իրավունքի իրացումը հանդիսանում է մարդու իրավունքների արդոյւնավետ երաշխավորման, պահպանման ու պաշտպանության կարևորագույն պայման: Փաստաթղթով Ասամբլեան նաև վճռականորեն դատապարտում է արտաքին ռազմական միջամտության, ագրեսիայի ու օկուպացիայի դրսևորումները` դրանք համարելով ինքնորոշման իրավունքի և մարդու այլ իրավունքների իրացման դեմ պայքարի արդյունք: Նախորդ շաբաթ տեղի ունեցած քվերակության ժամանակ բանաձևի նախագծին աջակցություն են հայտնել Հայաստանը, Ալբանիան, Ալժիրը, Անգոլան, Ադրբեջանը, Բահրեյնը, Բանգլադեշը, Բենինը, Բուրկինա Ֆասոն, Բոլիվիան, Բրունեյ-Դարուսսալամը, Կամերունը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Չինաստանը, Կոմորյան կղզիները, Կոնգոն, Կոտ դ'Իվուարը, Դոմինիկան, Եգիպտոսը, Էլ Սալվադորը, Գանան, Գրենադան, Գվինեան, Իրանը, Հորդանանը, Քենիան, Քուվեյթը, Լիբանանը, Լիբերիան, Լիբիան, Մալայզիան, Մալին, Նամիբիան, Նիգերը, Նիգերիան, Օմանը, Քատարը, Սաուդյան Արաբիան, Սինգապուրը, Սոմալին, Հարավային Աֆրիկան, Սուդանը, Սեյշելյան կղզիները, Սիեռա Լեոնեն, Ուգանդան, Թաիլանդը, Արևելյան Թիմորը, Տոգոն, Արաբական Միացյալ Էմիրությունները, Վենսուելան ու Զիմբաբվեն:

No comments: