Sunday, November 1, 2009

Ինգուշիան եւ Չեչնիան՝ ադրբեջանական ահաբեկչության թիրախ

News.am- 31-10-2009- Ադրբեջանի քաղաքացիները, գալով Ինգուշիա եւ օրինական բնակություն հաստատելով այստեղ, հետո, զենքները ձեռքին, հայտնվում են անտառներում։ Այդ մասին Ինգուշիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովը հայտնել է ռուսական առաջին ալիքի եթերում։ Եվկուրովի խոսքով, ադրբեջանցիները ոչ միայն սատարում են երկրի տարածքում գործող զինված խմբավորումներին, այլեւ անմիջական մասնակցություն են ունենում նրանց գործողություններում։ Արժե հիշեցնել, որ մեկ անգամ չէ, որ քաղաքագետների եւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից խոսվում է ադրբեջանցիների՝ տարբեր ահաբեկչական խմբավորումներում ներգրաված լինելու մասին։ Ադրբեջանի հասցեին բավական կոշտ հայտարարարությամբ վերջերս ելույթ ունեցավ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։ Նրա խոսքով, այդ երկիրը զենքի եւ թմրանյութերի մատակարար է հանդիսանում Հյուսիսային Կովկասի ահաբեկչական եւ հանցագործ խմբավորումների համար։ Կադիրովը հայտարարել է, որ խորհրդային զենքի հիմնական պահեստները գտնվում են Ադրբեջանում, եւ «բոլոր զենքերը եւ ռազմամթերքը ահաբեկիչներին հասնում են այնտեղից։ Ոչ վաղ անցյալում այնտեղից հերոին էր դուրս գալիս, իսկ այժմ տրոտիլ, ավտոմատներ»։ Հատկանշական է, որ չեչենական առաջին պատերազմի ժամանակ ռուսական պաշտոնական մարմինները եւ ԶԼՄ-ները այս կամ այն չափով մեղադրում էին Ադրբեջանին, որ այդ երկրի տարածքով Չեչնիա են ուղեւորվում ապօրինի խմբավորումների անդամներ։

No comments: